Ֆուչիկի 1/1 և 1/2 հասցեներում նոր շենք է կառուցվելու, բնակիչները դեմ են

13:24 • 05.09.19

Երևանի Ֆուչիկի փողոցի 1/1 և 1/2 հասցեներում  նոր շենք կառուցելու նախագիծ կա, որին դեմ են տեղի բնակիչները: Շենքի դիմացի տարածքում նախկինում եղած մոտ 2-3 հարկանի հյուրանոցի փոխարեն 16-19 հարկանի շենք են կառուցելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց  բնակիչ Իննա Միքայելյանը։ Նա հավելեց, որ խնդիրը կայանում է նրանում, որ շենքը նորակառույց է և շահագործման է անցել 1 տարի առաջ, բայց արդեն բնակեցված է, փուլ առ փուլ բնակիչներն ավելանում են:

«Մենք փաստաբան ենք վարձել և շենքի լիազորի հետ համատեղ որոշակի գործողություններ ենք իրականացնում: Հանդիպումներ ենք ունեցել քաղաքապետարանի որոշ պաշտոնատար անձանց հետ, ՇՄԱԳ-ի ներկայացուցիչների հետ»,-ասաց նա:

Շենքի կառուցման նախագիծը ՇՄԱԳ-ի փորձաքննություն է անցել, նախագիծը հաստատվել է թաղապետարանի կողմից, այնուհետև քաղաքապետարանում որոշ գործողություններ են իրականացրել: Կառուցապատող ընկերությունը հայտնի է:

«Նախագիծը կա, նույնիսկ արդեն վաճառքի հետ կապված տեղեկություններ կան: Նախագծով՝ ահռելի մեծ շենք է, մեր շենքն ամբողջությամբ փակվում է: Մեր 14 հարկանի շենքի դիմաց լինելու է 16-19 հարկանի շենք, որն ամբողջությամբ փակում է արևը, տեսանելիության բոլոր նորմերը խախտվում են: Դիմումներ ենք ներկայացրել քաղաքապետարան, բայց դեռ պատասխան չկա: Պատասխանելու ժամկետն էլ անցել է: Հերթագրվել էինք քաղաքապետարանի համապատասխան բաժնի ներկայացուցիչների հետ հանդիպման համար »,- ասաց բնակիչը և հավելեց, որ դեռ ոչ ոք կոնկրետ պատասխան չի տվել:

«ՇՄԱԳ-ի հետ կապված հանրային լսումներ են անցկացվել: Օրենքով հանրային լսումներ անցկացնելու մասին պիտի ծանուցվեինք: Բայց գործընթացն այնպիսին էր, որ պատշաճ չեղավ, այսինքն՝ ուղղակի թերթում հայտարարություն են տեղադրել, մենք հետո ենք իմացել: Այնուամենայնիվ, օրենքի հետ կապված շատ խնդիրներ կան: Մեր շահերը պետք է ևս հաշվի առնեին: Նաև հին շենքեր կան, որոնց վիճակն ավելի վատ է, իրենց դեպքում բոլոր նորմերը խախտվում են»,- ասաց նա: