Արսեն Թորոսյանի ձախողումների քաղաքական պատասխանատվությունը կրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)

17:55 • 05.09.19

«Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահ Գևորգ Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ առողջապահական ոլորտում տեղի ունեցող վերջին իրադարձությունների պատճառն այն է, որ մեկ տարուց ավելի է՝ բժշկական հանրությունը համբերատար դիմացել ու հանդուրժել է այն սխալները, որոնք կատարվել են առողջապահության նախարարության կողմից՝ նախարարի գլխավորությամբ:

«Ուշ թե շուտ մենք պետք է հասնեինք այս իրավիճակին, որ բժշկական հանրությունը գիտակցեր ու հասկանար, որ այսպես շարունակել չի կարելի: Նախարարության սխալ տարվող քաղաքականությունը և սխալ իրականացվող ծրագրերը կարող են բերել անդառնալի հետևանքների: Նման հետևանքներից մեկն էլ Ուռուցքաբանական ազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Տանանյանի աշխատանքից ազատումն է, որն, իմ անձնական համոզմամբ, իրականացվել է ապօրինի կերպով, այսինքն՝ նրան հեռացրել են աշխատանքից ուրբաթ օրը, մինչդեռ պարտավոր էին ծանուցել դեռևս 45 օր առաջ: Բնական է, որ բժշկական հանրությունը պետք է իր խոսքն ու դժգոհությունը հայտներ: Բժիշկները չեն ցանկանում խառնվել այդ ամենի մեջ, բայց այդ ցինիզմը անցել է թույլատրելի բոլոր սահմանները»:

Անդրադառնալով նախարարի՝ մամուլի ասուլիսի սրահից հեռանալուն՝ Գրիգորյանը նշեց, որ այս արարքով Թորոսյանը լուրջ հարված հասցրեց իր իսկ վարկանիշին։ «Նա պարտավոր էր մնալ ու բարձրաձայնել ոլորտին առնչվող հարցերի պատասխանները: Այո՛, ժամանակն է, որ նա իր տեղը զիջի կոմպետենտ մարդու: Իր այդ գնալը պետք է խորհրդանշի ոլորտից հեռացում»:

Գրիգորյանն անդրադարձավ նաև այն տեղեկությանը, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից դատական հայց կներկայացվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ՝ նշելով, որ ողջունում է ԵՊԲՀ-ի այս որոշումը.

«Ստախոս մարդը զրպարտության համար պետք է պատասխանատվություն կրի: Բժշկական համալսարանը կարող է օրինակ ծառայել: Ես կոչ եմ անում, որ շատ բժիշկներ ու ԲԿ-ներ դիմեն համալսարանի օրինակին, չվախենան ու բարձրաձայնեն թե՛ ոլորտի, թե՛ իրենց առնչվող խնդիրները»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե շատերը առողջապահական ոլորտի վերջին իրադարձություններին տալիս են քաղաքական աստառ, Գրիգորյանը նշեց՝ դրա պատասխանատվությունը կրում է հենց նախարար Թորոսյանը. «Ցանկացած խնդրի դեպքում Արսեն Թորոսյանը նշում է, որ դրա հետևում կանգնած են ինչ-որ մարդիկ, խնդիրները կապում է ինչ-որ ընտանիքների, քաղաքական շարժումների հետ: Քաղաքականացնելով այս ամենը՝ Արսեն Թորոսյանը ձախողումների քաղաքական պատասխանատվությունը դնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուսերին»:

Մանրամասները՝ տեսանյութում: