Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առնվազն 10 տարի ՀՀ-ին պտտեցնել մեկ դատական սագայի շուրջ, բայց ես չեմ պատրաստվում մասնակցել այդ շրջիկ կրկեսին․ Կարպիս Փաշոյան
ՀՀ փոխվարչապետի նախկին մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության շուրջ ծավալվող իրադարձություններին՝ նշելով, որ պետության առաջ ծառացած ավելի կարևոր մարտահրավերներ կան։
«Ինչպես հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առվազն տասը տարի Հայաստանին պտտեցնել ընդամենը մեկ դատական սագայի շուրջը՝ դարձնելով դա պետության թիվ մեկ մարտահրավերը։ Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես չեմ պատրաստվում մասնակցել այդ շրջիկ կրկեսին, դառնալ պրոպագանդիստ ու առավոտից գիշեր Քոչարյան հայհոյել»,-գրել է Փաշոյանը իր գրառման սկզբում։
Նա նաև նշել է, որ կարծում է, որ Քոչարյանը պետք է պատասխանատվություն կրի իր արարքների համար, բայց նաև համոզված է, որ դա երկրորդական խնդիր է, քանի որ մեր պետության առջև շատ ավելի կարևոր մարտահրավերներ են ծառացած։
«Վստահ եմ նաև, որ հանրային ուշադրության և ողջ ռեսուրսի գերկենտրոնացումը ընդամենը մեկ դատական գործընթացի վրա, պարզապես ժամանակի և միջոցների անօգուտ մսխում է»,-նկատել է նա:










