«Ռուսաստանը նախկինում արգելված հրթիռներ կարտադրի». Պուտին
Ռուսաստանն առաջինը չի սկսի Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրով արգելված հրթիռների տեղակայումը, korrespondent.net-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ:
«Ամերիկացիների՝ նոր հրթիռի փորձարկումից հետո մենք արդեն հրապարակային հայտարարել ենք, որ հրթիռներ չենք տեղակայելու: Մենք դրանք չենք տեղակայի, այլ կարտադրենք նմանատիպ հրթիռներ»,- մասնավորապես ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը մտահոգիչ է համարել Պենտագոնի ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստ է նման հրթիռներ տեղակայել Ճապոնիայում և Հարավային Կորեայում, ինչը «չի ուրախացնում» Ռուսաստանին:
Նա հավելել է, որ եթե Միացյալ նահանգները, այնուամենայնիվ, դիմի այդ քայլին, թեկուզև Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքների առկայության պատրվակով, դա Ռուսաստանի համար, միևնույն է, բավականին մեծ խնդիրներ է առաջացնելու: Պուտինը նշել է, որ այդ հրթիռային համակարգերը կծածկեն ռուսական տարածքի զգալի հատվածը, այդ թվում նաև Հեռավոր Արևելքում:
ՌԴ նախագահի կարծիքով՝ ԱՄՆ-ի՝ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու հանգամանքն ապակառուցողական քայլ էր և վնասում է միջազգային անվտանգության և սպառազինությունների արտադրության հանդեպ վերահսկողության համակարգը:
Պուտինը նաև նշել է, որ առաջարկել է ԱՄՆ նախագահ Թրամփին Ռուսաստանից նոր հիպերձայնային զենք գնել, սակայն Թրամփը մերժել է առաջարկը՝ պատճառաբանելով, որ իրենք են պատրաստվում նման զենք ստեղծել:
ԱՄՆ-ն պայմանագիրը պաշտոնապես լքել է օգոստոսի սկզբին՝ Ռուսաստանին մեղադրելով պայմանագրի խախտման և արգելված տեսակի հրթիռների արտադրության մեջ:










