Ուիլ Սմիթը միանում է Դի Կապրիոյին. դերասանը թողարկել է իր կոշիկների նոր շարքը, որի ամբողջ հասույթը կուղղվի Ամազոնի անտառային հրդեհները մարելուն (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը միացել է Լեոնարդո Դի Կապրիոյի՝ Ամազոնի անտառային հրդեհները մարելուն ուղղված ջանքերին, գրում է Daily Mail-ը:
50-ամյա Ուիլ Սմիթի Just Water բնական ջրի արտադրությամբ զբաղվող ընկերությունը Allbirds կոշիկ արտադրող ընկերության հետ համատեղ մարզակոշիկների նոր շարք է թողարկել, որի հասույթը կուղղվի Amazon Forest Fund-ին՝ Դի Կապրիոյի Earth Alliance բարեգործական կազմակերպության՝ Ամազոնի անտառային հրդեհները մարելու նախաձեռնությանը, որը մեկնարկել էր հուլիսին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մարզակոշիկներն արդեն հասանելի են և կարելի է ձեռք բերել Allbirds-ի պաշտոնական կայքում. կանանց և տղամարդկանց համար նախատեսված tree runners մարզակոշիկները՝ 95 դոլարով, իսկ tree toppers-ը՝ 115 դոլարով:
Երկու ընկերություններն էլ կարևորում են բնական նյութերի օգտագործումը, ուստի համագործակցությունն ավելի քան հաջողված է, գրում է աղբյուրը:
«Մենք ընդամենը մի մայր բնություն ունենք, ու մեզ է վստահված այն պաշտպանելու առաքելությունը: Բրազիլիայի Ամազոնյան անտառները՝ ածխաթթու գազի կլանման հիմնական աղբյուրը, արդեն մեկ ամիս է, ինչ այրվում է»,- հայտնել է դերասանը և հավելել. «Համագործակցությունն այն ընկերությունների հետ, որոնք ստեղծում են նորարարական, կայուն լուծումներ, մեր ապագայի բանալին է, և չափազանց կարևոր է, որ մենք աջակցենք այն ընկերություններին, որոնք ավելի շատ տալիս են, քան վերցնում»:
Ավելի վաղ Earth Alliance բնապահպանական խումբը, որի համահիմնադիրն է նաև հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, հայտարարել էր, որ 5 մլն դոլար կտրամադրի Ամազոնի անտառային հրդեհները մարելու համար:
Դրամական ռեսուրսները կտրամադրվեն «Երկիր մոլորակի «թոքերը» պաշտպանելու հիմնական միջոցների ձեռնարկման համար», հաղորդել էր խումբը՝ կոչ անելով հանրությանը նույնպես նվիրատվություններ կատարել:
«Այս միջոցներն անմիջապես կուղղվեն մեր տեղացի գործընկերներին և տեղական համայնքներին, որոնք պաշտպանում են Ամազոնը, վայրի բնության անհավատալի բազմազանությունը և ընդհանուր առմամբ Երկիր մոլորակի առողջությունը»,- ասված էր խմբի հայտարարության մեջ:















