ՊԵԿ-ը ձեռնպահ կմնա ՀԴՄ չունեցողներին անմիջապես տուգանելուց, բայց մոնիթորինգ կանի. Դավիթ Անանյան

14:02 • 05.09.19

Որպես ՊԵԿ նախագահ՝ չեմ կարող աշխատակիցներին հրահանգել՝ գնացեք, տեսեք հսկիչ դրամարկղի կանոնների շահագործման խախտում կա կամ առանց ՀԴՄ կիրառման առևտրային գործունեություն է իրականացվում, երբ դրա պարտադիր պահանջը կա ու դուք մի տուգանեք, նման պահանջ ի պաշտոնե չեմ տալու: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՀԴՄ-ների խնդրին:

«Դա կլինի նախ օրենքի խախտում, հետո սխալ վարչարարության իրականացում: Բայց իրավունք ունենք որոշակի հայեցողության, երբ կա առաջնահերթության սահմանում»,-ասաց նա և նշեց, որ ՊԵԿ-ը տնտեսվարողների նկատմամբ տուգանքների սանկցիան կիրառելու է ծայրահեղ դեպքերում:

«Կան գերատեսչություններ, որոնք լավ աշխատելով ստանում են դափնիներ, կան գերատեսչություններ, որոնց աշխատանքն առաջացնում է հանրային դժգոհություններ: Տնտեսվարողների նկատմամբ վարչարարությունն այսօր իրականացվում է մոնիթորինգային գործիքակազմով, և տուգանքի սանկցիան կիրառվելու է ծայրահեղ դեպքում, դա կիրառման ենթակա վերջին գործիք է, որից այս պահին ձեռնպահ ենք մնում»,- ասաց Անանյանը և նշեց, որ չի նշանակում, որ եթե հայտնաբերվեն խախտումներ, կաշկանդված են լինելու գործել:

Այսպիսով` նա նշեց, որ եթե բիզնեսը նոր է բացվել, ապա տնտեսվարողը կարող է իր գործունեությունն իրականացնել մինչև ՀԴՄ ձեռք բերելը: «ՊԵԿ-ը ձեռնպահ կմնա նրան անմիջապես տուգանելուց, բայց կայցելի տնտեսվարողին ու մոնիթորինգային կարգով վարչարարություն կիրականացնի: Եթե նա իր գործունեության արդյունքները ճիշտ կհայտարարագրի, մենք այդ պահին հսկիչ դրամարկղային մեքենայի չկիրառման հետ կապված իրեն չենք տուգանի»,- հավաստիացրեց նա:

Ինչ վերաբերում է սպառողի կողմից ՀԴՄ կտրոն պահանջելուն, Դավիթ Անանյանը նշեց. «Հաճախորդն իրավունք ունի ՀԴՄ կտրոն պահանջելու, երբ չի լինի, թող փորձի իր իրավունքները պաշտպանել: Ինչ եք ուզում, որ ասեմ, երկու քարի արա՞նքն ենք»,-ասաց նա: