Շոու-բիզնեսի 9 ներկայացուցչի ուղարկվել է վերջին նամակը, եթե նորից եկամուտները չհայտարարագրեն, տվյալները կփոխանցվի քննչականին. Անանյան

14:21 • 05.09.19

Ես դա համարում եմ ծիծաղելի: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե  «Ձյունիկ սառնարան» և «Վեգա» ընկերություններում հրդեհները դիտավորությամբ են եղել, քանի որ ռիսկային խմբում են եղել:

«Նման տեղեկատվություն չունենք, թե այդ տնտեսվարողները ռիսկային խմբում էին: Ռիսկային գնահատված կազմակերպությունների ցանկը 900 է, որոնց ես բառացի չեմ հիշում: Դա ծիծաղելի վարկած է և չգիտեմ՝ մարդիկ երևի պարապ են, մտածում են՝ այդպիսի վարկածներով հանրությանը զվարճացնեն»,-ասաց նա:

Անդրադառնալով շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հարկային դաշտ բերելուն՝ Դավիթ Անանյանն ասաց, որ այս պահի դրությամբ եկամուտները հայտարարագրել է շոու-բիզնեսի շուրջ 5 ներկայացուցիչ:

«Հայտնի շուրջ 9 անձի վերջերս ներկայացվել է կոնկրետ նամակ, որտեղ գրված են այն միջոցառումները, որոնց նրանք մասնակցել են ու երևի թե՝ եկամուտ են ստացել: Բայց մեր տեղեկատվական բազայում առկա ինֆորմացիայի հիման վրա նրանք, ըստ էության, 2018-ին ոչ աշխատավարձ են ստացել, ոչ որևէ կազմակերպության աշխատակից են եղել, ոչ դիվիդենտ են ստացել, ոչ էլ հանդես են եկել որպես անհատ ձեռնարկատեր: Մենք նամակով հորդորեցինք իրենց գալ ու հայտարարագրել եկամուտները»,-ասաց նա:

ՊԵԿ-ը  նախագահն ասաց, որ այսպիսով՝ վերջին նամակն է ուղարկվել շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, իսկ եթե այս նամակն էլ մնա անպատասխան, ապա ՊԵԿ-ի կողմից նախնական հաշվարկ կիրականացվի ու կփոխանցվի քննչականին, որն էլ կորոշի, թե ինչ պատասխանատվության նրանք պիտի ենթարկվեն: