Իրանում ֆուտբոլիստի կնոջը դուրս են հրավիրել խաղից՝ խնդրելով հարգել տեղի սովորույթները

13:58 • 05.09.19

Իրանական «Գոլ Գոհար Սիրջան» ֆուտբոլային ակումբի նիդեռլանդցի կիսապաշտպան Քևին Յանսենի կնոջը հեռացրել են տրիբունայից՝ ազգային առաջնության շրջանակում կայացած խաղի ընթացքում, հայտնում է Segodnya լրատվականը։ 

Լրագրող Փեժման Ռահբարի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Իրանի առաջնության երկրորդ փուլի հանդիպման ընթացքում, որի ընթացքում «Գոլ Գոհար Սիրջան»-ն ընդունել էր «Սայփա»-ին։

Նշվում է, որ ֆուտբոլիստի կինը մարզադաշտ էր ժամանել ֆուտբոլային խաղի ընթացքում ամուսնուն աջակցելու համար։ Այնուամենայնիվ, խաղի ընդմիջման ժամանակ մարզադաշտի աշխատակիցը պարտադրել է կնոջը լքել մարզադաշտը՝ հարգելով տեղական սովորույթները։ Մասնավորապես, նա ընդգծել է, որ Իրանում կանանց արգելվում է այցելել մարզադաշտ տարբեր մարզական միջոցառումների ընթացքում։

Յանսենի կինը ֆուտբոլային խաղին հետևել է մոտակա շենքի պատուհանից։  

Ավելի վաղ նշվել էր, որ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան թույլատրել է իրանցի կանանց ներկա գտնվել 2022թ․ կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլերի խաղերին։