«Այժմ Իրանի հետ բանակցությունների ժամանակը չէ, Իրանի նկատմամբ ճնշումների ժամանակն է». Նեթանյահու

15:26 • 05.09.19

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել մեծացնել ճնշումը Թեհրանի նկատմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ միջուկային գործարքի վերաբերյալ հայտարարությունից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 

Ավելի վաղ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանը միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլի շրջանակում հրաժարվում է կատարել միջուկային գործարքի դրույթները։ Իրանը միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլի իրականացմանը կանցնի ուրբաթ օրվանից։

«Այսօր առավոտյան մեզ տեղեկացրել են ևս մի խախտման մասին, Իրանի կողմից է՛լ ավելի մեծ արհամարհանքի մասին, այս անգամ՝ միջուկային զենք ստանալու նրա ձգտման մասին։ Սա համադրվում է միջազգային նավագնացության և տարածաշրջանում երկրների դեմ Իրանի ագրեսիվ գործողությունների, ինչպես նաև Իսրայել պետության վրա հարձակումներ գործելու անդադար փորձերի հետ»,-ասել է Նեթանյահուն Լոնդոն մեկնելուց առաջ, հաղորդում է վարչապետի աշխատակազմի գրասենյակը։ 

«Այժմ Իրանի հետ բանակցությունների ժամանակը չէ։ Այժմ Իրանի նկատմամբ ճնշումների ժամանակն է»,-հավելել է նա։

Իսրայելական կառավարության ղեկավարը հաղորդել է նաև, որ ի թիվս այլ հարցերի այս հարցը ևս կքննարկի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և ԱՄՆ պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերի հետ: