Իսպանիայում ամերիկյան զվարճագնացք նստած տղամարդն օդում iPhone X է բռնել (տեսանյութ)
Նորզելանդացի Սեմյուել Քեմփֆը օդում iPhone X սմարթֆոն է բռնել ամերիկյան զվարճագնացքով սահելիս Բարսելոնայի մոտակայքում գտնվող Port Aventura ժամանցի այգում: Համացանցում հրապարակված տեսանյութը մեկ օրում ավելի քան կես միլիոն դիտում է ունեցել:
«Ես Իսպանիայում էի, Port Aventura-ում: Ուղևորության ժամանակ ամերիկյան զվարճագնացքում գտնվելիս տեսա, թե ինչպես ինձանից մի քանի շարք այն կողմ նստած մարդը ձեռքից գցեց iPhone X-ը: Կարճ ասած՝ ես բռնեցի այն: Այդ զվարճագնացքը շարժվում է 130 կմ/ժամ արագությամբ: Ժամանակին այն համարվում էր ամենաբարձրն ու արագը Եվրոպայում»,- Esquire պարբերականի փոխանցմամբ՝ պատմել է տեսանյութի հերոսը:
Իջնելով զվարճագնացքից՝ Քեմփֆը վերադարձրել է հեռախոսը տիրոջը, որն այն փնտրում էր գետնի վրա:
«Նա չէր կարողանում հավատալ և ամուր գրկեց ինձ», - նշել է նորզելանդացին:










