Հանրային ռադիոն մտադիր է 4 FM ռադիոկայան բացել, հարց է առաջանում՝ ի՞նչ ֆինանսական միջոցներով, պետությա՞ն. «Ռադիո Ավրորա»-ի տնօրեն

17:31 • 05.09.19

Լուսանկարը՝  Armeniasputnik.am-ի

Հանրային Ռադիոն նոր ռադիոկայաններ է բացելու: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Ռադիո Ավրորա»-ի տնօրեն Միքայել Ջանփոլադյանը:

«Մի քանի շաբաթ առաջ ինձ ինֆորմացիա հասավ, որ Հայաստանում մի քանի նոր ռադիոներ են բացվելու և բացելու է Հանրային ռադիոն: Ճիշտն ասած՝ լսեցի այդ պատմող մարդուն ու ասացի՝ կներես, շատ անհավատալի է, ես չեմ կարող պատկերացնել: Մեկը կպատկերացնեի, երկուսը՝ էլի կպատկերացնեի, բայց չորս, հինգ և ավելի՝ չէ: Ես չհավատացի այդ ինֆորմացիային, լուրջ չընդունեցի, բայց ինչպես միշտ սկսեցի ինֆորմացիան անալիզ անել ու ստուգել: Հետո իմացա, որ Հանրային խորհուրդը, ինչ-որ կերպով դիմել է կառավարությանը կամ դիմելու է, որ Հանրային ռադիոն ունենա ևս չորս FM ռադիոկայան Երևանում: Ովքեր, որ չգիտեն, ուզում եմ ասել, որ Հանրային ռադիոն և Հանրային հեռուստաընկերությունը պետական հիմնարկներ են և ֆինանսավորվում են պետությունից: Ստացվում է՝ դուք հարկ եք տալիս, իրենք դրանով ստանում են աշխատավարձ, ստանում են ֆինանսներ, որ ռադիոն աշխատի: Որպես ռադիոյում աշխատող մարդ, ինձ մոտ հարց է ծագում՝ ի՞նչ ֆինանսներով է սնվելու այդ 4 ռադիոկայանը:

Ջանփոլադյանի խոսքով՝ որակյալ ռադիոկայան ունենալու համար պետք են մեծ գումարներ, իսկ նման գումարներ ունենալու համար Հանրային ռադիոն  կա՛մ պետք է կրճատումներ անի իր ռադիոկայանում, կա՛մ այդ ֆինանսական միջոցները պահանջի պետությունից:

«Ի՞նչ չունի Հանրային ռադիոն, որ հիմա ևս 4-ն է պահանջում»,- հարց առաջադրեց Ջանփոլադյանը նա և հավելեց. «Եթե ֆինանսավորումը պետք է լինի պետությունից, ես ինքս դեմ եմ: Իմ ընկերությունը հարկեր է վճարում պետությանը, և ես դեմ եմ, որ հարկերս այդպես ծախսվեն: Ավելի լավ է գումարի տեսքով գնան հաշմանդամներին, բանակին: 4 ռադիոկայանի պահանջարկ էլ չկա երկրում: Դաշտում լինելու են չորս ավելորդ խաղացողներ, որոնք ծախսեր չունեն, պետական ֆինանսավորում են ստանալու և շուկան «լացացնելու են» »:

Իր խոսքով՝ պետությունը չպետք է թույլ տա նման հավելումներ ռադիոդաշտում և ֆինանսավորվի պետությունից: Ըստ նրա՝ նոր ռադիոկայանները սարսափելի վնաս կարող են բերել այն ընկերություններին, որոնք հարկ են վճարում: Նա համոզմունք հայտնեց, որ բոլոր ռադիոընկերությունների տնօրենները իր կիսելու են իր մտահոգությունները:

«Ես մինչև այս ամենը ասելը նաև հիմա գործող օրենքի մեջ փորփրեցի: Երբ մենք ենք ուզում հաճախականություն ստանալ, մեզ չեն թույլ տալիս, ասում են՝ չի կարելի: Իսկապես ըստ՝ օրենքի չի կարելի: Բայց Հանրային ռադիոն դիմում է, պահանջում է և ստանում է առանց լիցենզավորման: Անարդար է»,- հավելեց նա: Մանրամասները՝ տեսանյութում: