Լատվիան պատրաստ է աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին. Տ. Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի դեսպանին

11:16 • 06.09.19

Սեպտեմբերի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է  Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենցեին (նստավայրը՝ Թբիլիսի): Այս մասին հայտնում է Տ. Ավինյանի գրասենյակը:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշել է, որ վերջին տարիներին հայ-լատվիական հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել և հույս հայտնել, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի համագործակցության էլ ավելի հավակնոտ օրակարգ ձևավորել:

Զրուցակիցները նշել են նաև, որ առևտրատնտեսական ոլորտում առկա է չիրացված զգալի ներուժ և այս առումով կարևորել տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: Անդրադարձ է կատարվել Երևան-Ռիգա ուղիղ չվերթի բացման հեռանկարներին: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ նոր ավիաուղղություններ գործարկելու համար Հայաստանի կառավարությունը գործուն քայլեր է իրականացնում:

Ինգրիդա Լևրենցեն հայտնել է, որ Լատվիան պատրաստ է աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և կիսվելու իր կուտակած փորձով: Այս համատեքստում քննարկվել է հանրային կառավարման համակարգի բարեփոխումների հարցում համագործակցության հնարավորությունը:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին և Արևելյան գործընկերության ծրագրի զարգացման հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը և մշակութային կապերի խորացմանը վերաբերող հարցեր ևս: