Պատրաստ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, բայց այդ գործընթացում դեռ չկա երկու կողմ. Զոհրաբ Մնացականյան

11:50 • 06.09.19

Մենք պատրաստ ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը Թուրքիայի հետ, սակայն այդ առումով դեռևս չեմ կարող ասել, որ գործընթացը ենթադրում է երկու կողմ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների օրակարգը վերաբեռնավորելու հարցին:

«Դժբախտաբար մենք ունենք իրավիճակ, որ այդ ուղղությամբ ունենք ոչ ողջունելի իրողություն: Դա իրողությունն է Ցյուրիխի գործընթացի մերժման, շարունակական շրջապատման, ԼՂ հարցում կողմնակալության և Ցեղասպանության շարունակական ժխտման հարցում»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Ինչ վերաբերում է թուրք-ռուսական համագործակցությունը Սիրիայի հյուսիսում, ԱԳՆ ղեկավարը նշեց. «Մեզ համար Սիրիայի հարցը առավել զգայուն հարց է, և դա մենք արտահայտում ենք նաև մարդասիրական առաքելության գործառույթն ընդգծելու իմաստով: Ինչ վերաբերում է մնացած այլ զարգացումներին՝ դրանք չափազանց դինամիկ են և բազմաշերտ: Մենք առաջնորդվում ենք այդ զգայունությամբ»,- ասաց նա: