Բրազիլիան որոշել է կոռուպցիոն գործով առգրավված 245 մլն դոլարը հատկացնել Ամազոնի անտառների պաշտպանությանը
Բրազիլիայի իշխանությունները Petrobras պետական նավթագազային ընկերությունում կոռուպցիոն գործի շրջանակներում առգրավված միջոցների մի մասը կուղղի Ամազոնի անտառների պաշտպանությանը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հարավամերիկյան երկրի խորհրդարանի Դաշնային սենատի (վերին պալատ) նախագահ Դավի Ալկոլումբրեն:
Նրա խոսքով՝ կատկացվող գումարի չափը կկազմի 1 մլրդ ռեալ (մոտ 245 մլն դոլար): Դաշնային գերագույն դատարանում կայացած հանդիպման արդյունքում համաձայնագիր է ստորագրվել տվյալ գումարը Ամազոնի պաշտպանությանն ուղղելու մասին:
Օգոստոսի վերջին Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հրամանագիր է ստորագրել, որը թույլ էր տալիս բանակը ներգրավել ամազոնյան անտառներում հրդեհների մարման աշխատանքներին: Երկրի ՊՆ-ի տվյալներով՝ 43 000 զինծառայող է մասնակցում հրդեհաշիջման աշխատանքներին:
Հիշեցնենք, որ Ամազոնի արևադարձային անտառների հրդեհը մարելու համար միջոցներ են հատկացրել հոլիվուդյան դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն և Ուիլ Սմիթը:










