Արդարադատության նախարարությունից և Քրեակատարողական ծառայությունից չեն մեկնաբանում ՔԿՀ-ներում անհնազանդությունների պատճառները

12:36 • 06.09.19

Քրեակատարողական հիմնարկում ներկայումս իրավիճակը հանգիստ է, արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության վերահսկողության ներքո, և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները շարունակում են աշխատել նորմալ ռեժիմով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը` անդրադառնալով ՔԿՀ-ներում արձանագրված անհնազանդության դրսևորումներին:

Ինչ վերաբերում է անհնազանդության պատճառներին և մամուլի այն հրապարակումներին, թե դրանք կապված են օրենքով գողերին զսպելու հետ, Մարտիրոսյանն ասաց, որ չի մեկնաբանում:

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը ևս մանրամասներ չներկայացրեց: «Միայն կարող եմ ասել, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան: Այս պահին ավելացնելու ոչինչ չունեմ»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչն է խնդիրը, որ պատճառները չեն ներկայացվում, Նոնա Նավիկյանն ասաց. «Ավելորդ լարվածությունից խուսափելու համար, խոսքն այս պահի դրությամբ է»:

Հիշեցնենք, որ ս. թ. սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։