Հնդկաստանում 74-ամյա կինը զույգ երեխա է ունեցել և գերազանցել է տարեց մայրերի համաշխարհային ռեկորդը

06:01 • 06.09.19

Հնդկական Հունտուր քաղաքում 74-ամյա Էրամատի Մանգայաման դարձել է առողջ զույգ երեխաների մայր: Կինը հղիացել է արհեստական արտամարմնային բեղմնավորմամբ: Այս մասին հայտնում է Zvezda հեռուստաընկերությունը:

Հիվանդանոցում այս դեպքը համարել են պատմական: Մանգայաման ամուսնու` 78-ամյա Ռաջա Ռաոյի հետ երազում էր երեխա ունենալու մասին: Նրանց ոգեշնչել էր հարևանուհու ճակատագիրը, որն արհեստական բեղմնավորմամբ երեխա էր լույս աշխարհ բերել 55 տարեկան հասակում:

Մանգայաման գերազանցել է ռեկորդն ու դարձել է ամենատարեց «նորաթուխ» մայրն աշխարհում: Հղիության 9 ամիսները նա անցկացրել է հիվանդանոցում` բժիշկների հսկողության ներքո:

«Չեմ կարող բառերով արտահայտել զգացմունքներս: Այս երեխաները լրացնում են ինձ: Իմ 60 տարվա սպասումներս վերջապես ավարտվեցին: Հիմա արդեն ոչ-ոք ինձ չի համարի անպտղաբեր»,- ասել է Մանգայաման: