Հայ-լեհական օրակարգերն այնպես էին, որ ավելի նպատակահարմար էր վերանայել երկկողմ այցերի ժամկետները. Զ. Մնացականյանը՝ Ն. Փաշինյանի՝ Լեհաստան չմեկնելու մասին
Մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմեկնեց Լեհաստան՝ մասնակցելու Կրինիցա Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց՝ հարցը բաղկացած է երկու մասից, առաջինը պետք է դիտարկել Երկրորդ համաշխարհային պատերազմի համատեքստում:
«Հարցն այն է, թե ինչպես ենք մենք՝ Հայաստանը, վերաբերվում Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ հաշվի առնելով, թե հայ ժողովրդի համար ինչ է նշանակում Երկրորդ համաշխարհայինը, որքան զոհեր ու հերոսներ ենք տվել այդ պատերազմի ժամանակ՝ պաշտպանելու մեր հայրենիքը»:
Նախարարի խոսքով՝ երկրորդ հարցը պետք է դիտարկել հայ-լեհական հարաբերությունների համատեքստում. «Մեր երկու երկրների միջև հարաբերությունները բարձր ենք գնահատում, դրանք գործընկերային հարաբերություններ են թե՛ երկկողմ, թե՛ Հայաստան-ԵՄ, թե՛ Հայաստան-Արևելյան գործընկերության համատեքստում: Մենք բավականին լայն օրակարգ ունենք: Մենք պետք է կատարենք երկկողմ այց, սակայն օրակարգերն այնպես էին, որ ավելի նպատակահարմար էր վերանայել երկկողմ այցերի ժամկետները»:










