Թուրքիայում այս տարվա առաջին 8 ամսվա ընթացքում 224 կին է սպանվել
Արխիվային լուսանկար Ստամբուլում Մարտի 8-ին՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն անցկացված ցույցից
Թուրքիայում այս տարի կանանց նկատմամբ իրականացված սպանությունների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է օգոստոս ամսին. սպանվել է առնվազն 40 կին, գրում է bianet.org կայքը:
Ընդհանուր առմամբ 2019 թվականի առաջին 8 ամիսներին սպանվել է 224 կին, 401 կնոջ նկատմամբ ֆիզիկական բռնություն է իրականացվել, 367 կին ենթարկվել է սեռական շահագործման, 152 կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն է իրականացվել և բռնաբարվել է 37 կին:
2019թ. 158 երեխա ենթարկվել է սեռական բռնության: Նշենք, որ սրանք միայն գրանցված ցուցանիշներն են:
Ըստ կայքում հրապարակված վիճակագրական տվյալների՝ սպանված կանանց 50%-ը սպանվել է տանը, 35%-ը՝ փողոցում, և միայն 15%-ը՝ այլ վայրում:
Հիշեցնենք, որ կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը Թուրքիայում հասարակական-քաղաքական դաշտում պարբերաբար ակտիվացող թեմաներից է: Թուրքիայում հասարակական դաշտում առկա դիսկուրսի ուսումնասիրությունից երևում է, որ կանանց նկատմամբ բռնության պատճառները գալիս են ինչպես մշակութային հարթությունից, այնպես էլ օրենսդրական կարգավորումներում առկա բացերից:










