Մեզ վրա ազդեցություն ունեն ՀՀ օրենքները․ Ա․ Փամբուխչյանը չի կիսում Ժ․ Սեֆիլյանի կարծիքը, թե ԱԺ կազմի վրա հատուկ ծառայություններն ազդեցություն ունեն
Մենք նման բան մեզ մոտ չենք քննարկել, չգիտեմ՝ ինչ ենթադրություն է արել պրն․ Սեֆիլյանը։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով «Սասնա Ծռեր» կուսակցության նախագահ Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, թե եթե ֆորս-մաժորներ չլինեն, եկող տարի կարող են արտահերթ ընտրություններ լինել։ Նրա համար նաև ընդունելի չէ Սեֆիլյանի տեսակետը, թե խորհրդարանի կազմի վրա հատուկ ծառայություններն ազդեցություն ունեն։
«Մեզ վրա ազդեցություն ունի ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ օրենքները»,- ասաց նա։
Պատգամավորը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե իշխանությունները ռեյտինգի լուրջ կորուստ ունեն:
«Միևնույն ժամանակ ասեմ, որ մենք ռեֆորմներ չենք անում ռեյտինգի համար։ Մենք անում ենք այլ քայլեր, որոնք օրինական են, որոնք մենք խոսք են տվել մեր նախընտրական ծրագրում, այլ ոչ թե ռեֆորմ անելուց հաշվարկում ենք, թե որն է ավելի ռեյտինգային»,- ընդգծեց Արմեն Փամբուխչյանը։
Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության ներսում պառակտման լուրերին, Փաբուխչյանը հակադարձեց, թե իրենց աշխատանքի առաջին իսկ օրվանից ասել են, որ յուրաքանչուրն ունի ազատ խոսքի իրավունք։
«ԱԺ 7-րդ գումարման նիստերից հետո պարզ դարձավ, որ մենք ունենք ազատ խոսք, հրապարկային բանավեճեր են լինում երբեմն, որը տպավորություն է թողնում, թե խմբակցության ներսում խնդիրներ կան։ Մեր հրապարակային խոսքը, բանավեճը խոսում է հակառակի մասին, այն է, որ մենք ազատ ենք քննարկումների մեջ, մտքեր ենք գեներացնում ու գտնում ճշմարտությունը, թե ինչպես շարժվենք»,-մեկնաբանեց Արմեն Փամբուխչյանը։
Իշխանական պատգամավորը ներքաղաքական թեժ իրավիճակի մեջ որևէ տարօրինակ բան չի տեսնում։ Արմեն Փամբուխչյանը կարևորում է այն, որ գործընթացները գնում են ազատ խոսքի իրավունք ունենալու ճանապարհով։
«Կարևորն այն է, որ բավականին առողջ ու ազատ մթնոլորտում են գործընթացները, որտեղ քաղաքական ուժերն ու անհատները կարողանում են արտահայտել իրենց տեսակետը։ Այդ մարդկանց քննադատությունները կամ դիտողությունները հաշվի են առնվում թե՛ կառավարության, թե՛ ԱԺ-ի կողմից։ Մենք հանրային հնչեղություն ունեցող տարբեր հարցերի շուրջ պարբերաբար քննարկումներ ենք ունենում. հիմա հասարակություն ավելի լսելի է կառավարության ու ԱԺ-ի համար»,- եզրափակեց Արմեն Փամբուխչյանը։










