Կուսակցություն բացելու նպատակն առաջին հերթին արտաքին գործընկերների հետ հարաբերություններ կառուցելն է. «Ադեկվադի» անդամ Կ. Տեր-Նակալյան (տեսանյութ)

15:12 • 07.09.19

Կուսակցություն բացելն առաջին հերթին արտաքին գործընկերների հետ հարաբերություններ կառուցելն է: Այսօր «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարից հետո Tert.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության ղեկավար վարչության անդամ Կոնստանդին Տեր-Նակալյանը:

«Մենք կուսակցություն բացելուն, ինչպես Դանիելյանը նշեց, վերաբերվում ենք լուրջ, այնքանով, որքանով պահանջում է ՀՀ Սահմանադրությունը, բայց ինքը իմաստ ունի ոչ թե այն ավանդական մտքով, որ կուսակցությունը պետք է բացվի, հետո անդամներ հավաքվեին, որ հետո ընտրություններին մասնակցեին և իրենց «փայ» իշխանությունը ստանային: Մեզ համար կուսակցություն բացելն ունի երկու՝ տեխնիկական և մարտավարական իմաստ: Առաջինը՝ արտաքին գործընկերների հետ հարաբերություններ կառուցելուց մի բան է, երբ ներկայանում ես որպես ՀԿ, մի այլ բան է, երբ ներկայանում ես քաղաքական կուսակցություն:

Երկրորդ գործոնը անվտանգության գործոնն է: Մի բան է, երբ ձերբակալում են կամ գործ են կարում Blognews-ի գլխավոր խմբագիր Կոնստանդին Տեր-Նակալյանի վրա, մեկ այլ  ընկալում ունի, երբ գործ են կարում ընդդիմադիր կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի վրա»,- ասաց նա:

Տեր-Նակալյանի խոսքով՝ իրենց առաքելությունը տեսնում են քաղաքակրթական և մշակութային դաշտում, բայց դրանց հետ մեկտեղ խնդիրների մի մասը պահանջում է քաղաքական գործիքակազմ, որը տալիս է կուսակցությունը:

««Ադեկվադ» կուսակցությունն ունի մարզային գրասենյակներ: Այս պահին ունենք հարավում, շուտով կունենանք նաև հյուսիսում»,- հավելեց նա:

Տեր-Նակալյանը շեշտեց նաև, որ կուսակցության հետագա զարգացումները պետք է լինեն ըստ օրենքի, և պետք է 800 կուսակցական լրացնել, բայց դա նրանց գերնպատակը չէ: Այս պահին կուսակցական անդամների թիվը 109-ն է: