Բահամյան կղզիներում մոլեգնած «Դորիան» փոթորիկի ժամանակ կույր տղամարդը փրկել է իր հաշմանդամ որդուն
Բահամյան կղզիներում կույր տղամարդն իր հաշմանդամ որդուն ուսերին դրած դուրս է բերել տնից՝ փրկվելով «Դորիան» փոթորիկից, որը Ատլանտյան օվկիանոսում գտնվող կղզում, ինչպես նաև ամերիկյան արևելյան նահանգների ափերին հարվածել էր մեկ շաբաթ առաջ:
Ինչպես ներկայացնում է New York Times-ը, օգոստոսի 31-ին 49-ամյա Բրենթ Լոուն տարերային աղետի ժամանակ եղել է իր տանը Աբակո կղզում, երբ տան տանիքն ավերվել է: Տղամարդը հասկացել է, որ իրեն և իր 24-ամյա որդուն, որի մոտ մանկական ուղեղային կաթված է առկա, անհապաղ պետք է դուրս գալ: Վերջինս խոստովանել է, որ շատ էր վախեցել:
Լոուն մեջքին դնելով որդուն՝ դուրս է եկել փլատակների տակից՝ տարածության մեջ կողմնորոշվելով ձեռքերի օգնությամբ և կարողացել է հասնել մոտակա շենքին: Այդ օրը քամու ուժգնությունը հասել էր 354 կմ/ժամ արագության:
Լոուն որդու և մի քանի հարևանների հետ օգնության է սպասել հարակից կառույցում մինչև սեպտեմբերի 2-ը, այնուհետև նրանց ավտոբուսով տեղափոխել են անվտանգ կացարան:
Փոթորիկի հետևանքով բնակելի տների 90 տոկոսը տարածաշրջանում ավերվել է: Լոուն նշել է, որ պատկերացում չունի, թե որտեղ են ապրելու վերադառնալուն պես:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 5-րդ՝ ամենաբարձր աստիճանով գնահատվող հզոր փոթորիկի հետևանքով Բահամյան կղզիներում զոհերի թիվը հասել է 30-ի:










