Բելառուսի գյուղերից մեկում զբոսնող փիղը վախեցրել է բնակիչներին

23:51 • 07.09.19

Բելառուսի արևմտյան գյուղերից մեկի բնակիչները վախեցել են` տեսնելով մաքսային ձևակերպմանը սպասելիս ազատ զբոսնող փղին:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերելով Բելառուսի ՆԳՆ մամլո հաղորդագրությունը, արտասովոր հաղորդագրություն է ստացվել կեսօրին. Բոլշիե Լեպեսի գյուղի բնակչուհին հայտնել է ոստիկաններին, որ Լեսկովո գյուղի ճանապարհով փիղ է քայլում:

Նշված վայր են ժամանել պետավտոտեսչության անձնակազմն ու տեղամասային տեսուչը: Մոտակայքում հանդիպել են «Դիվո» կրկեսի ներկայացուցչին, որը պարզաբանել է, որ գյուղի մոտակայքում իրենք տարածք ունեն, որտեղ գտնվում են կրկեսի կենդանիները մաքսային ձևակերպմանը սպասելիս: Իսկ տվյալ փիղը կոտրել է արտովայրի ցանկապատն ու դուրս եկել տարածքից:  

Ոստիկանության աշխատակիցներն օգնել են փղին հատուկ տարածք վերադարձնելու գործում: