Ավստրիայի մարզադաշտերից մեկում անտառ են աճեցրել (լուսանկարներ)

21:06 • 07.09.19

Ավստրիայում իրականացվող նոր նախագծի շրջանակներում արտ-ինստալյացիա է տեղադրվել Կլագենֆուրտ քաղաքի «Վյորտերզեե» մարզադաշտում, որը կոչված է ուշադրություն հրավիրելու կլիմայական փոփոխությունների և անտառահատումների վրա:

Ինչպես հաղորդում է CNN-ը, շվեյցարացի նկարիչ Կլաուս Լիթմանի ջանքերով խաղադաշտում, որը գտնվում է համանուն լճի հարևանությամբ, այժմ շուրջ 300 ծառ է տնկվել, որոնցից ոմանք մինչև վեց տոննա են կշռում:

Ինստալյացիան ստացել է «Հանուն անտառի՝ բնության հավերժ գրավչության» անվանումը: Այն կազմված է տարատեսակ և տարբեր չափերի ծառերից՝ լաստենի, կաղամախի, սպիտակ ուռենի, բոխի, դաշտային թխկի և հասարակ կաղնի:

Ըստ Լիթմանի՝ նախագծի նպատակն է «մարտահրավեր նետել բնության մեր ընկալմանը և մտածել դրա ապագայի մասին»: Այս ինստալյացիան ակնարկում է նաև այն միտքը, որ բնությունը «օրերից մի օր կարելի կլինի տեսնել միայն հատուկ նշանակության վայրերում»:

Նշվում է, որ ցուցադրության ավարտից հետո, ծառերը կվերատնկվեն մարզադաշտի մոտակայքում՝ որպես «կենդանի անտառի քանդակ»: Ցուցադրությունը կտևի մինչև հոկտեմբերի 27-ը: