«Այս երկրում դատական որոշումները չեն կարգավորվում օրենքներով, այլ օրենքներն են ձևավորվում ըստ այն պատժի, որ ցանկանում են տալ». Թուրքիայում մոտ 10 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր կին գործիչ
Սեպտեմբերի 6-ին Ստամբուլի 37-րդ ծանր գործերով դատարանն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության Ստամբուլի շրջանային ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուին դատապարտել է մոտ 10 տարվա ազատազրկման՝ պետական պաշտոնյայի վիրավորելու (մեղադրվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» համար), ահաբեկչական խմբավորման քարոզ իրականացնելու և այլ հոդվածներով, փոխանցում է sabah.com.tr-ն:
«Եթե դատական որոշումները կայացվում են ոչ թե ըստ օրենքների, այլ ըստ քաղաքական կոնյուկտուրայի, ըստ քաղաքական իշխանության քմահաճության, ուրեմն այս երկրում բոլոր դատական նիստերը, ցավոք սրտի, սոսկ ձևականություն են: Հարուցված դատական գործերով որոշումները կայացվում են ոչ թե դատական նիստերի դահլիճներում, այլ պալատային սենյակներում: Այս երկրում դատական որոշումները չեն կարգավորվում օրենքներով, այլ օրենքներն են ձևավորվում ըստ այն պատժի, որ ցանկանում են տալ: Մեզ և Ձեզ արդարության ծարավի դատապարտածները, դատապարտել ցանկացողներն իրավական դիմակ հագած մաֆիայի գործիքակազմ օգտագործող խորքային ռեժիմի պաշտպաններն են»,- հայտարարել է Քաֆթանջըօղլուն՝ դատական նիստից հետո դիմելով հավաքվածներին, փոխանցում է CNN-ի թուրքերեն ծառայությունը:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն Քաֆթանջըօղլուի նկատմամբ դատարանի կայացրած վճռի վերաբերյալ DHA լրատվական գործակալության տարածած տեսանյութում նշել է. «Թուրքիայում արդարություն չկա: Դատավորը որոշում կայացնելիս ոչ թե իր խղճի համաձայն է այն կայացնում, այլ նայում է «պալատի» ուղղությամբ (նկատի ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 1150-ից ավելի սենյակ ունեցող պալատը-Tert.am)»:
Հիշեցնենք, որ ըստ Եվրամիության՝ այս տարվա մայիսի 29-ի Թուրքիայի վերաբերյալ ցեկույցի՝ այդ երկրում դատական իշխանության անկախությունը խիստ կասկածի տակ է, մանավանդ այն գործերով, որոնք վերաբերում են ահաբեկչության քարոզին:










