Ճապոնիայի նախկին կայսրուհին ուռուցքի վիրահատության է ենթարկվել

16:20 • 07.09.19

Ճապոնիայի պատվավոր կայսրուհի Միտիկոյին կրծքի ուռուցքի հեռացման վիրահատություն են կատարել։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Sohu տեղեկատվական աղբյուրին։ 

Սեպտեմբերի 7-ին՝ շաբաթ օրը, 84-ամյա Միտիկոյին, ով Ճապոնիայի ներկայիս կայսր Նարուհիտոյի մայրն է, տեղափոխել են Տոկիոյի համալսարանական հիվանդանոց՝  կրծքում չարորակ ուռուցքի հեռացման վիրահատմանը պատրաստելու նպատակով։ Սպասվում է, որ վիրահատությունը մոտ 4 ժամ կտևի։ 

Բժիշկները այս տարվա հուլիսին հերթական բժշկական հետազոտության ընթացքում կայսրուհու մոտ վաղ շրջանի քաղցկեղ են հայտաբերել։ Մինչ այդ Միտիկոն մի անգամ չէ, որ առավոտյան զբոսանքների ընթացքում գանգատվել է շնչահեղձությունից և քաշի կտրուկ նվազումից։ 

Միտիկո Սյոդան՝ ալյուր արտադրող ընկերության նախագահի դուստրը, ամուսնացել է արքայազն Ակիհիտոյի հետ 1959թ․-ին։ Նրանք խախտել էին բազմադարյա ավանդույթը, համաձայն որի կայսերական ընտանիքի անդամները պետք է ամուսնանան միայն ատիստոկրատիայի ներկայացուցիչների հետ։ Նա կայսրուհի էր դարձել 1989թ․, ամուսնու՝ կայսր դառնալու ժամանակ վերջինիս հոր՝ Հիրոհիտոյի մահից հետո։  Այս տարվա ապրիլին կայսր Ակիհիտոն հրաժարվել էր գահից։ Նման երևույթ երկրում չէր եղել երկու դար շարունակ։

Նշենք, որ մայիսի 1-ից Ճապոնիայում սկսվել է Ռեյվի նոր ազգային ժամանակաշրջանը՝ Նարուհիտո կայսեր ղեկավարմամբ։