95 տարեկանում կյանքից հեռացած Զիմբաբվեի նախկին նախագահին հետմահու հերոսի կոչում են շնորհել
Զիմբաբվեում իշխող «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն. Հայրենասիրական ճակատ» կուսակցությունը սեպտեմբերի 6-ին վախճանված նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեին հետմահու ազգային հերոսի կոչում է շնորհել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
Գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան հայտարարել է այս որոշման մասին՝ մայրաքաղաք Հարարեում կառավարության շենքի դիմաց ունեցած ելույթի ընթացքում։
«Ռոբերտ Մուգաբեն մարտիկների այն սերնդի ներկայացուցիչ է, որոնք մասնակցել են գաղութային հալածանքներից Աֆրիկայի ազատագրմանը: Սա երբեք չի մոռացվի ո՛չ Զիմբաբվեի երախտապարտ ժողովրդի, և ո՛չ էլ Աֆրիկայի մյուս ազգերի կողմից»,- ասել է նա։
Մուգաբեի մահվան մասին լուրը հայտնի է դարձել սեպտեմբերի 6-ի առավոտյան։ Նախկին նախագահը մահացել է առողջական խնդիրների դեմ մղած պայքարից հետո:
2017-ի նոյեմբերին ռազմական հեղաշրջման արդյունքում երեք տասնամյակ ղեկավարած Ռոբերտ Մուգաբեն հեռացվել էր իշխանությունից:
Նախկին նախագահն անկախացումից հետո հաղթել էր Զիմբաբվեի առաջին ընտրությունները՝ 1980-ին դառնալով վարչապետ։ 1987 թվականին նա ստանձնել էր երկրի նախագահի պաշտոնը:










