Կանադայում «Դորիան» փոթորկի հետևանքով մոտ կես մլն մարդ առանց էլեկտրականության է մնացել

11:58 • 08.09.19

Կանադայի Նյու Բրանսուիկ և Նոր Շոտլանդիա նահանգների շուրջ 500 հազար բնակիչներ  «Դորիան» փոթորիկի հետևանքով առանց էներգամատակարարման են մնացել, գրում է The New York Times-ը։

Ազգային օդերևութաբանական բյուրոյի տվյալներով՝ տարերքը ուղեկցվում է տեղատարափ անձրևներով և ուժեղ քամով՝ մինչև 43 մ/վ ուժգնությամբ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ տարածաշրջանի ափամերձ շրջաններում հարյուրավոր տապալված ծառեր և տների տանիքներ կան։ Գալիֆակսում քամու ուժգնացման հետևանքով  շինարարական մեծ կռունկ է տապալվել, որը փլուզվել է կառուցվող շենքի վրա: Զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։

Կանադայի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ կիրակի տարերքի հետևանքների վերացման նպատակով փոթորիկի հետևանքով տուժած տարածաշրջաններ կուղարկվի 700 զինծառայող: