Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից Վլադիվոստոկ թռչող ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը՝ ծխացող շարժիչի պատճառով (տեսանյութ)

11:24 • 09.09.19

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից Վլադիվոստոկ թռչող ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը՝ ծխացող շարժիչի պատճառով, հայտնում է lenta.ru-ն:

112 Telegram-ալիքում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է թռիչքից առաջ ինքնաթիռի աջ շարժիչից ծուխ դուրս գալիս:

«Մոսկվա-Վլադիվոստոկ թռիչքի իրականացման ժամանակ ինքնաթիռի շարժիչները գործարկելիս դրանցից մեկը ծխացել է: Ինքնաթիռում գտնվել է 369 ուղևոր, տուժածներ չկան, օդանավն այժմ ոչ թռիչքային վիճակում է»,- գործակալությանը հայտնել է Մոսկվայի միջշրջանային տրանսպորտային դատախազության ներկայացուցիչ Եկատերինա Կորոտկովան:

Ավիափոխադրող ընկերության ներկայացուցիչը РИА Новости գործակալությանը հայտնել է, որ թռիչքը դադարեցվել է այն բանից հետո, երբ թռիչքին նախապատրաստվելու ընթացքում` երկրորդ շարժիչը գործարկելիս, տեղի է ունեցել ավիացիոն վառելիքի արտանետում:

Ավիաընկերությունն ուղևորներին պահուստային ինքնաթիռ է տրամադրել:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վորոնեժից Սանկտ Պետերբուրգ թռչող «Ռուսլայն» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել թռիչքի օդանավակայանում: Վթարային վայրէջքի հետևանքով ոչ ոք չի տուժել: Այս պահին պարզվում են միջադեպի հանգամանաքները: