British Airways ավիաընկերության օդաչուների գործադուլը 1500 չվերթի չեղարկման պատճառ է դարձել
Բրիտանական խոշորագույն British Airways ավիաընկերության օդաչուները 48-ժամյա գործադուլ են սկսել՝ վարձատրության պայմանների հետ կապված վիճելի հարցերի պատճառով: Չեղարկվել են ավիաընկերության գրեթե բոլոր թռիչքները, հայտնում է Reuters գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ`Օդաչուների բրիտանական ասոցիացիան (BALPA) դեռ հուլիսին ավիաընկերությանը տեղեկացրել է սեպտեմբեր ամսին պլանավորված եռօրյա ակցիայի մասին, ինչը British Airways-ի օդաչուների՝ պատմության մեջ առաջին գործադուլն է: Սեպտեմբերի 9-ին և 10-ին նախատեսված գործադուլային ակցիաներից հետո, ևս մեկը նախատեսված է սեպտեմբերի 27-ին:
BALPA-ն հայտարարել է, որ British Airways ընկերությունը պետք է սկսի իր օդաչուների հետ կիսվել շահույթի ավելի մեծ հատվածով: Ավիաընկերությունը, իր հերթին, պնդում է, որ վարձատրության հետ կապված օդաչուների պահանջներն արդարացված չեն:
BALPA-ի գլխավոր քարտուղար Բրայեն Ստրուտոնն ասել է, որ գործադուլն ընկերության համար զգալիորեն ավելի թանկ կարժենա, քան խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման համար անհրաժեշտ ներդրումները:
Ընկերության դեմ անցկացվող գործադուլների հետևանքով ընկերության հազարավոր հաճախորդներ ստիպված են եղել թռիչքի այլընտրանքային տարբերակներ փնտրել: Գործադուլների ընթացքում ավիաընկերությունը ստիպված կլինի հաճախորդներին փոխհատուցել չեղարկված թռիչքների համար, առաջարկել թռիչքի այլընտրանքային տարբերակներ կամ ավելի ուշ թռիչքի նոր հնարավորություն:
Բրիտանական The Telegraph պարբերականի փոխանցմամբ` ընդհանուր առմամբ ընկերությունը չեղարկել է 1500 չվերթ. արդյունքում տուժել է 280 հազար ուղևոր: Ընկերության կրած կորուստները գնահատվում են 80 միլիոն բրիտանական ֆունտ ստերլինգ:










