Վարչապետի դիրքորոշման հետ «Իմ քայլը» համաձայն է․ Լիլիթ Մակունցը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին (տեսանյւութ)

14:59 • 09.09.19

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հիշեցնում է՝ Ամուլսարի հանքի շահագործման որոշումն իրենց տիրույթում չէ, բայց որպես քաղաքական թիմ ունեն իրենց դիրքորոշումը։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ նաև կարևորեց որպես իրավական պետություն գործելը։

«Այս փուլում խոսքը գնում է ոչ թե հանքի շահագործման, այլ շինարարական աշխատանքների մասին։ Ընդ որում, ընդգծվեց, որ անգամ եթե շինարարական աշխատանքների որևէ խախտում, շեղում լինի իրենց նշած չափանիշներից, ապա տեսչական մարմինը կիրականացնի անհրաժեշտ գործողությունները: Եթե 90 օրվա ընթացքում խնդիրները չկարգավորվեն, ապա հանքի շահագործումը կարգելվի։ Այս դիրքորոշման հետ, իհարկե, «Իմ քայլը» խմբակցությունը համաձայն է»,-ասաց Մակունցը։

Ինչ վերաբերում է հարցին, որ «Իմ քայլը» խմբակցությունում մարդիկ կան, որոնք դեմ էին հանքի շահագործմանը, Մակունցը տեղեկացրեց, որ խմբակցությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ունեցել է քննարկում՝ կապված Ամուլսարի հետ։

«Քննարկումը եղել է վարչապետի ուղիղ եթերի ժամանակ հայտարարած մտքի տրամաբանության մեջ։ Առարկություն առ այն, որ մենք չպետք է գնանք այդ ճանապարհով, խմբակցությունում չի հնչել»,- մանրամասնեց Լիլիթ Մակունցը։

Հարցին, եթե Ամուլսարի պաշտպանները չբացեն հանք տանող ճանապարհը, ապա ուժ  կիրառվելո՞ւ է, Մակունցը պատասխանեց՝ հորդորելով սպասել իրավիճակի կոնկրետացման։