Քաղաքապետարանից այլ առաջարկ ստանալով՝ մեր աշխատակիցները խզել են պայմանագրերն ու հեռացել. «Սանիթեք»-ի խոսնակ
«Սանիթեքի» աշխատակիցները խուճապահար են` պայմանավորված նրանով, որ ընկերության ֆինանսական վիճակը շատ ծանր է և բավական ուշացումներով են աշխատավարձները տրվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սանիթեք»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քնարիկ Առաքելյանը:
«Բնականաբար այս վիճակը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք ստացել այն տուրքերը, որոնք քաղաքապետարանի կողմից պետք է ստանայինք»,- նշեց նա և հավելեց, որ «Սանիթեքի» աշխատակիցները խզել են ընկերության հետ պայմանագիրը քաղաքապետարանից այլ առաջարկ ստանալու պատճառով:
«Նոր առաջարկ են ստացել քաղաքապետարանի նորաստեղծ աղբահանության գործով զբաղվող ընկերությունից: Բնականաբար այստեղ տեսնելով անորոշություն, որոշել են գնալ այնտեղ աշխատել»,- նշեց Առաքելյանը:










