Սևանի ափին ներառական զբոսանավային կենտրոնում անցկացվել են մարզական միջոցառումներ

12:43 • 09.09.19

Սեպտեմբերի 7-ին Սևանա լճի ափին տեղակայված ներառական առագաստանավային կենտրոնում անցկացվեցին ներառական մարզական մրցույթներ` հաշմանդամություն ունեցող և այլ մարդկանց միջև: Միջոցառումը կայացավ ներառական առագաստանավային սպորտի կենտրոնում, որը տեղակայված է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում, «Հայկական ճամբարի» տարածքում: Միջոցառման կազմակերպիչներն են Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան և «Սպիտակ ձեռնափայտ» ՈԱԿ-ը` Ռոսատոմ պետկորպորացիայի և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կետրոնի աջակցությամբ:

Մրցումների բացման արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետարանի, հասարակության մեջ սահմանափակ հնարավորություններով մարդկանց ներգրավմամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև «Ռուսատոմ սերվիս» ընկերության ներկայացուցիչներ:

«Մենք շատ ուրախ ենք, որ բացվելուց հետո ներառական առագաստանավային կենտրոնը զարգացել է, և այսօր կարող ենք օգտագործել սարքավորումները մեր մարզական միջոցառումների ժամանակ, ինչպես նաև օգտվել այլ հնարավորություններից: Ճամբարը վերածվել է յուրօրինակ կենտրոնի, որն այժմ միավորում է մարդկանց, ստեղծում է նոր արժեքներ, թափ է հաղորդում մեր մարզում զբոսաշրջության զարգացմանն ու նոր, մասնավորապես միջազգային նախագծերի մեկնարկներին, ինչպիսին է «Հոգու առագաստը»,- իր ողջույնի խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ Հակոբ Թիզյան:

Մրցույթներն անցկացվեցին ինչպես ջրում, այնպես էլ` ցամաքում։ Ներկաները փակ աչքերով պարան ձգեցին, մասնակցեցին ներառական փոխանցումավազքին, կայակներով մրցումներին և այլ խաղերի, որոնցում ներգրավված էին խառը թիմերը: Ընկերական փոխգործակցությունը սովորեցրեց մարզիկներին վստահել միմյանց, փոխադարձ հարգանք դրսևորել հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ:

Այս տարի միջոցառմանը մասնակցում էին Ռուսաստանի, Լատվիայի, Շվեդիայի և Հայաստանի տարբեր մարզերից առողջական սահմանափակ հնարավորություններ ունեցող պրոֆեսիոնալ առագաստանավորդներ, փորձագետներ, գիտնականներ, հասարակական գործիչներ, լրագրողներ:

«Հաճելի է, երբ յուրաքանչյուր տարի ավելի մեծ թվով սրտացավ մարդիկ են հավաքվում, որպեսզի ավելի շատ տեղեկանան ներառականության մասին, մարզեն իրենց հոգու ուժը: Հայաստանում շատերի համար հասկանալի և հոգեհարազատ են այն արժեքները որոնք կրում է ներառականությունը: Ավելի շատ միջազգային կազմակերպություններ են աջակցում ներառական փոխգործակցության զարգացմանը, դրանք են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը, «Ռոսատոմ» պետկորպորացիան և այլ կազմակերպություններ: Այդ ամենը միայն ընդգծում է, որ մենք ընթանում ենք ճիշտ ուղով»,-նշեց «Սպիտակ ձեռնափայտ» ՈԱԿ-ի նախագահ Օլեգ Կալպաշչիկովը:

Նրա խոսքով, միջոցառման արդյունքները ցույց են տալիս, որ առաջացել են ներառական համագործակցության նոր գաղափարներ, այնպես որ հաջորդ տարի Հայաստանում սպասվում են ներառական նոր նախագծեր և բավականին հաճելի անակնկալներ:

«Ռուսատոմ սերվիս» ընկերության նախագծերի կառավարման տնօրենի տեղակալ, ռուսական կողմից հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ղեկավար Վլադիմիր Բրեդովն իր հերթին ասաց, որ այսօրվա միջոցառումը ոչ թե առողջական սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար է, այլ` նրանց մասնակցութամբ միջոցառում է: «Հաշմանդամություն ունեցող և չունեցող մարդիկ ունեն մեկ ընդհանուր նպատակ` օգտագործել միմյանց ուժեղ կողմերը, և մեզ համար մեծ պատիվ է աջակցել նման նախագծերին, որոնք միտված են բարելավելու մարդկանց կյանքի որակը, չէ՞ որ «Ռոսատոմ» պետկորպորացիայի համար գլխավոր արժեքը մարդն է: Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք աջակցելու Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիային ու «Սպիտակ ձեռնափայտ» ՈԱԿ-ին ու բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով կյանքի են կոչում հասարակության համար այսքան կարևոր նախագծերը», - ասաց նա:

Հիշեցնենք, 2018 թվականին Հայաստանում բացվեց ներառական զբոսանավային առաջին կենտրոնը, հասանելի ջրային վարժանքների մի քանի տեսակներ՛ առագաստային սպորտ, թիավարում, ֆրիդայվինգ, ներառական զբոսանավային շրջագայություն։ Կենտրոնն ապահովված է դեպի ջուրը տանող հատուկ ուղիներով՝ թեքահարթակներով, հարմարեցված նավամատույցով, սայլակով տեղաշարժվող անձանց լողալու համար հարմարեցված լողասայլակներով, ինչպես նաև հատուկ շեզլոնգներով ու հանդերձարանով։ Այդ ամենը՝ առողջության սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց հարմարավետության համար։