Կառավարության ծրագիրը տնտեսական հեղափոխությունից 100 կիլոմետր հեռու է․ Գագիկ Ծառուկյան

13:11 • 09.09.19

Հարկայինի հետ ի՞նչ խնդիր պետք է ունենամ, գնացեք իմ կառավարիչներին հարցրեք,  կներկայացնեն, ես հանձնել եմ կառավարման, իրավասու չեմ պատասխանել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով խնդրին, որ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իր բիզնեսներում։

Ինչ վերաբերում է իր կողմից կատարվող ներդրումներին, ԲՀԿ առաջնորդը նշեց․ «Արդեն չորս օր ներկայացվում ա միայն 2018-2019 թվականների Ծառուկյանի ներդրումները, ծրագրերը, որոնց մենք ներկայացրել ենք։ Ներդրումներ միշտ արել եմ և անելու եմ»։

Միևնույն ժամանակ Գագիկ Ծառուկյանը շեշտեց, որ ինքը չի փոխել իր տեսակետը  և շարունակում է պնդել, որ կառավարության տնտեսական ծրագիրը չի կարող տնտեսական հեղափոխություն բերել։

«Ես ասել եմ, որ այդ ներկայացված կառավարության ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի կարող լինել։ Ես կարող եմ գրել-ստորագրել՝ դա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ,  տնտեսական հեղափոխություն չի կարող լինել այդ ծրագրով ու մոտեցմամբ։ Այդ ծրագիրը տնտեսական հեղափոխությունից 100 կիլոմետր հեռու ա»,-ասաց նա