Երևանը ռազմական առումով աշխարհագրական ոչ մի պաշտպանություն չունի, և կենտրոնացումն այս դեպքում ինքնին խոցելի է. Հ. Տեր-Աբրահամյան (տեսանյութ)
Պատմական գիտությունների թեկնածու, հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանի և հրապարակախոս, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն այս անգամ զրուցել են «Հայաստանը միայն Երևան չէ» թեմայի շուրջ և դրա վերաբերյալ առկա պատկերացումների մասին:
Սամվել Ֆարմանյանի կարծիքով՝ մենք շատ հաճախ ենք խոսում այն մասին, որ կա խնդիրների մի փունջ, որոնք, անկախ իշխանությունների ով կամ ինչպիսին լինելուց, կարևոր են ՀՀ-ի համար, և դրանցից մեկն էլ Հայաստանի համաչափ զարգացման կոնցեպցիան է, երևանակենտրոնացման բացառումը: Վերջին շրջանում Գյումրիում տեղի ունեցող տարբեր մշակութային կամ ոչ մշակութային իրադարձությունները մի տեսակ ոգևորության ալիք առաջացրին ամբողջ հայության մեջ, և դրա հոգեբանական ենթատեքստը հանգում էր նրան, որ շատ լավ է, երբ կյանքը, բացի Երևանից, սկսում է շարժվել նաև մյուս բնակավայրերում:
Պատմության տարբեր փուլերում տարբեր երկրներ այս խնդրի առաջ կանգնել են և տարբեր քաղաքներ են հիմնել իրենց երկրների համաչափ զարգացման համար, երբեմն մայրաքաղաքներն են տեղափոխել: Մեր պարագայում պետական կառավարման տարբեր հիմնարկներ են ուզում տեղափոխել այս կամ այն քաղաք, և նպատակը նույնն է, ու միով բանիվ չի կարելի թույլ տալ, որ նման սահմանափակ տարածք ունեցող պետության պարագայում կյանքը՝ իր բոլոր դրսևորումներով՝ ժողովրդագրությունից մինչև ներքին միգրացիա, մինչև կրթական և գիտական կյանք, կենտրոնացված լինի միայն Երևանում:
Տեր-Աբրահամյանը նշում է, որ ուրախալի է այն փաստը, երբ խոսվում է այն մասին, որ որոշ պետական կառույցներ Երևանից կարելի է տեղափոխել, բայց վախենում է, որ այդ ամեն ինչով հանդերձ, բուն թեման՝ իր ողջ լրջությամբ, չի գիտակցվում: Լավ կլինի, որ այս դեպքերը առիթ դառնան, որ իրոք թեմայից խոսվի, որովհետև թեման, եթե չորս-հինգ ռազմավարական խնդիր առանձնացնենք, ապա իր կարևորությամբ այդ թեման այդ չորս, հինգից մեկն է:
«Երևանը ռազմական առումով աշխարհագրական ոչ մի պաշտպանություն չունի, և կենտրոնացումն այս դեպքում ինքնին խոցելի է»,- հավելում է Հ. Տեր-Աբրահամյանը:
Իրոք կապ չունի, թե ով է իշխանություն, որովհետև սա շուրջ երեսուն տարվա խնդիր է, և թեման պետք է կոնցեպտուալ դաշտ բերվի: Առանց այդ էլ մենք փոքր հանրապետություն ենք՝ փոքր բնակչությամբ, որի մեծ մասը կենտրոնացված է փոքր Երևանում և Արարատյան դաշտավայրում: Տգեղ պատկեր է ստացվում, եթե պատկերացնենք մարդու տեսքով. սա մի մարդ է, որն ունի շատ լղարիկ մարմին և շատ մեծ գլուխ: Սա բազմաթիվ առումներով խնդիր է անվտանգության և ռազմական տեսակետից, և չի կարելի չհիշել նաև այն մասին, որ Երևանը երկրաշարժերի գոտի է, մենք պետք է հասկանանք, թե ինչպիսին է մեր երկիրը նաև երկրաբանական առումով: Հայաստանում սեյսմիկ վտանգը օրինաչափություն է, և չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կարող է լինել Երևանի հետ և ինչ կարող է լինել Հայաստանի հետ, որովհետև Հայաստանը Երևան է, և ուրիշ Հայաստան, ըստ էության, գոյություն չունի:










