Նորաշենցիները բողոքի ակցիան կշարունակեն վաղը՝ Կառավարության դիմաց. նրանք պնդում են՝ Արարատի մարզպետն իրենց համայնքապետի լիազորություններն անօրինական է կասեցրել (տեսանյութ)

09:49 • 01.10.19

13:13

Խնդիրն արդեն հանրային հնչեղություն է ստացել, ու ես կարծում եմ, որ պետք է տեղեկացնել հասարակությանը, երեկ ունեինք իրավիճակ, որ համայնքապետն ասում էր՝ ես չեմ հրաժարվելու, մնալու եմ, սակայն այսօր որքան հետևեցի իրավիճակին, տեղեկացա, որ խոսք կա, թե ով պետք է լինի համայնքի ԺՊ. այս մասին Նորաշենում լրագրողներին ասաց հասարակական գործիչ Բաբկեն Հարությունյանը:

«Հիմա այս դեպքում ինձ մոտ կան կասկածներ, որ ճնշում է բանեցվում համայնքապետ Նորայրի վրա»,- ասաց նա և հավելեց. «Միևնույն ժամանակ պետք է ֆիքսենք մի բան, որ այս իրավիճակի փոփոխությունը տեղի ունեցավ, երբ ոստիկանությունում համայնքապետը որոշակի զրույց ունեցավ»:

Նա նշեց, որ համայնքապետի ԺՊ նշանակված անձի մասին մարզպետն ասել է, որ ավագանու անդամ ակտիվ է եղել, սակայն համայնքապետը իրեն տեղեկացրել է, որ ավագանու 27 նիստից 24-ին չի մասնակցել:

Հարությունյանը նշեց, որ Նորաշենում արդեն երեք օր է՝ լարված իրավիճակ է, պետք է գտնել որոշակի կոմպրոմիսային լուծում, որ այս խնդիրը հանգուցալուծվի:

Ապա լրագրողների հետ կարճ զրուցեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, նա լրագրողներին տրամադրեց նախարար Սուրեն Պապիկյանի կողմից իրեն հասցեագրված փաստաթուղթ և իր կարգադրությունը, որով համայնքի ԺՊ է նշանակել:

«Ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի սահմաններում»,- ասաց մարզպետը: Բնակիչները տարբեր վանկարկումներով թույլ չէին տալիս մարզպետին խոսել, նա միայն հայտնեց, որ օրենքի ուժով համայնքնի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են, ավագանին ընդամենն արձանագրել է  այդ փաստը: Սարգսյանը հրաժարվեց այլ մեկնաբանություններ անելուց, նստեց մեքենան և հեռացավ: Այլ մեկնաբանություններ չեմ տալիս:

Մարզպետի հեռանալուց հետո Բաբկեն Հարությունյանը նշեց, որ լարված իրավիճակում մարզպետը թողնում է համայնքը, նստում է մեքենան ու գնում՝ առանց հաշվի առնելու, որ այս համայնքում ստեղծում է խժդժություններ:

Բնակիչներն էլ նշեցին, որ գնալու են կառավարության մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու: «Գնալու ենք կառավարություն, երբ գալիս է ՌԴ նախագահը, փակելու ենք ճանապարհը, ինքը (վարչապետ /խմբ./) այս ճանապարհով է իր աթոռին  հասել, մենք էլ այդ ճանապարհով կհասնենք արդարության, ոնց ինքն է հասել իր ուզածին, այդպես էլ մենք կհասնենք մեր ուզածին»,- ասաց բնակիչներից մեկը:

Այս պահին նորաշենցիները գալիս են կառավարության մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու:

12:00

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ակցիայի ընթացքում իր հասցեին հնչած խոսքերից վիրավորվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:

«Մարզպետն ասում է՝ եթե իրեն վիրավողները ներողություն խնդրեն, հարցը կվերանայի: Գյուղի խաղաղությունը նրան չի հետաքրքրում: Մենք համաձայն չենք նշանակված ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանին,մենք գյուղով համաձայն չենք: Այդ ժամանակ համայնքի համայնքապետը եղել է արձակուրդում՝ առանց տեղեկանալու, որ հանում են նրան, ստորագրությունը կեղծելով հեռացրել են համայնքի ղեկավարին»,-նշեց բնակիչը:

Նա նաև ասաց, որ պատրաստվում էին ակցիան ավարտել, բայց քանի որ մարզպետը իր խոստման տերը չէ, չեն հեռանում:

 

11:25

Իրականացվող ակցիայի ժամանակ ոստիկանները բերման ենթարկեցին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանին: Րոպեներ անց ոստիկանները պատահական քաղաքացիական մեքենայով բերման ենթարկեցին մեկ այլ քաղաքացու ևս: Բերման ենթարկվածների թիվը գնալով ավելանում է։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքում իրականացվում է բողոքի ակցիա՝ ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման: Համայնքի բնակիչները դժգոհում են, որ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով դադարեցվել են, և պահանջում են նրան վերականգնել պաշտոնին:

 

11:12

Արարատի մարզի Նորաշեն համայնքում իրականացվող ակցիային ներկա է նաև «Ուժ և իրավունք» հասարակական կազմակերպության նախագահը, որը նշեց, որ խնդիրն սկսվել է, դեռ այն ժամանակ, երբ ԱԺ ընտրություններին Արարատի մարզից պատգամավոր ընտրվեց Սերգեյ Ատոմյանը:  

«Այս ամեն ինչը սկսվել է հենց Սերգեյ Ատոմյանի ընտրվելուց: Երբ գյուղապետն իր ձայնը տվեց Ատոմյանին, այլ ոչ թե Գարիկ Սարգսյանին, որից լարվածություն սկսվեց: Երբ մարզպետը կանչել է գյուղապետ Նորայր Գրիգորյանին և առաջարկել, որպեսզի մտնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, գյուղապետը հրաժարվել է, նա էլ չի ուզել ավելորդ լարվածություն լինի»,- ասաց նա:

ՀԿ նախագահի խոսքով՝ հենց այս պատճառով մարզպետ-գյուղապետ հարաբերություններում լարվածություն սկսվեց, ինչի մեջ իր մեղավորությունն ունի նաև նախկին գյուղապետը, որն ուզում է վերականգնել իր նախկին պաշտոնը:

«Խոսքս ուղղում եմ պարոն վարչապետին և պարոն Սարգսյանին: Պարո՛ն մարզպետ, ինչի՞ համար հենց Նորայր Գրիգորյանը, Դուք մարզում այնքան կոռումպացված, հոռացած, ծայրահեղ ծանր դեպքեր ունեք գյուղապետների, եկե՛ք նրանցից սկսեք, ինչի՞ հենց Նորայրը, ուզում եմ հասկանալ»,- նշեց նա:


10:32


«Մարզպետ հեռացի՛ր», «Գյուղը մերն է» վանկարկումներով Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում մարզպետարանում՝ ընդդեմ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման: Բնակիչների մի մասը հանդիպեց մարզպետի հետ, սակայն մարզպետն ասել է, որ որոշումը չի փոխելու:

«Մարզպետն իր որոշումը չի փոխում, իր կարգադրությունը ինչպես կա Արտակ Հարությունյանի մասին, այդպես պնդում է, որ նա է լինելու ժամանակավոր պաշտոնակատար և կոպիտ կերպով մեզ դուրս հրավիրեց, ասաց՝ դուրս եկեք այստեղից, գնացեք, ինչ ուզում եք՝ արեք»,- ասաց բնակիչներից մեկը:

Մարզպետը նաև կարգադրեց, որ ակցիայի պատճառով փակված գյուղապետարանը բացեն, ինչին բնակիչները դեմ արտահայտվեցին:

 
10:17

Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են սկսել՝ ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, որին մեղադրում են համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններին ապօրինաբար կասեցնելու որոշման:

«Ես դրա նման սուտասանի համար պայքարեցի՞, դուք լավ գիտեք, թե ես ինչեր արեցի պարոն Փաշինյանի համար, բայց ժողովրդի համար արեցի, որ ժողովուրդը նորմալ ապրի, օրենքով աշխատեն, մարդկանց չխաբեն, բայց դրա նման կոկորդիլոսը խաբում է բոլորին: Մեկը, որ կանգնի ասի կոկորդիլոսը թռնում է, ստամոքս չունի. նա արդեն վարկաբեկվել է: Ամբողջ աշխարհը ծիծաղում է նրա վրա»,- ասաց նորաշենցիներից մեկը:

Բնակիչներից մեկն էլ ասաց, որ համայնքապետին իրենք են ընտրել և դժգոհություն չունեն: Համայնքապետին ընտրելու կամ հեռացնելու խնդիրը գյուղինն է և ոչ մի վերին ատյան չպետք է խառնվի այս հարցին: Նրա խոսքով՝ մարզպետն արհամարհել է գյուղացու խոսքն ու ոչնչացրել գյուղացուն:

«Ամբողջ գյուղում, ամբողջ բարեկամությունը՝ հորեղբոր տղա, մորաքրոջ երեխա, բոլորին սարքել է թշնամի»,- ասաց բնակիչներից մեկը և հավելեց, որ թշնամանքն աթոռի համար տարվող կռվի հետևանք է:


09:49

Արարատի մարզի Նորաշեն համայնքում շարունակվում է բողոքի ակցիա՝ ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման: Համայնքի բնակիչները դժգոհում են, որ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով վայր են դրվել և պահանջում են նրան վերականգնել պաշտոնին:

Նախորդ ակցիաների ժամանակ համայնքի բնակիչները նշում էին, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման պատճառը քաղաքական է: Ըստ նրանց՝ նախորդ տարի Գարիկ Սարգսյանն համայնքնապետին առաջարկել է անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն նա հրաժարվել է, ինչն էլ նրան աշխատանքից ազատելու պատճառ է դարձել:

Նշենք, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում որոշել է կասեցնել վերջինիս լիազորությունները և ավագանու գործող անդամներից Արտակ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար: Նախկին համայնքապետը մարզպետի այս որոշման մասին չի ծանուցվել։

Բողոքի ակցիային առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։