«Սոցցանցերն օգնում են բիզնեսի զարգացմանը, մշտապես կապի մեջ են պահում հաճախորդների հետ». Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
Հայաստանում անցկացվող «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը խոսել է բիզնեսի զարգացման գործում սոցիալական ցանցերի ունեցած դերի մասին:
«Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կիսվել է իր փորձով, ներկայացրել, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:
Հեռուստաաստղը համաձայնել է, որ առցանց հարթակներն ահռելիորեն դյուրացրել են հաղորդակցությունը երկրագնդի տարբեր մասերում գտնվող մարդկանց միջև՝ աշխարհը դարձնելով ավելի «փոքր»:
Քարդաշյանն ասել է, որ սոցցանցերն օգնում են նաև մշտապես կապի մեջ լինել հաճախորդների հետ, իմանալ նրանց հուզող խնդիրներն ու պահանջները: Facebook-ում, Instagram-ում և Twitter-ում միլիոնավոր հետևորդների ակտիվ բանակ ունեցող աստղը նաև կարևորել է այն հանգամանքը, որ իր ապրանքանիշի գովազդներում հաճախ մեկնաբանություններ են թողնում շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ և հանրահայտ անձինք:
«Ցանկացած պահի կարողանում ես իմանալ՝ որ ապրանքներ են վաճառվել, որոնք ոչ, և ինչպիսին է հաճախորդների թվի ակտիվությունը: Ես ամբողջությամբ ներգրավված եմ իմ բիզնեսում և մեծապես հետաքրքրված եմ իմանալ՝ որ պահին ինչպես են գործերը»,- ասել է նա:










