Ղամիշլիում բախումներ են տեղի ունենում քրդական ջոկատների և թուրք զինվորականների միջև․ կան զոհեր և վիրավորներ

23:20 • 09.10.19

Սիրիայի Էլ-Հալիլ և Թանուրա սահմանամերձ շրջաններում՝ Ղամիշլի (Դամասկոսից 680 կմ) քաղաքի մոտակայքում, բախումներ են տեղի ունենում քրդական ջոկատների և թուրքական զինվորականների միջև։

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով սիրիական հեռուստատեսությանը, կողմերը մարտերում հրազեն և նռնականետեր են օգտագործում։

Հաղորդվում է, որ թուրքական հրետանին կարճատև դադարից հետո վերականգնել է քրդական ինքնահռչակ ինքնավարության կենտրոնական քաղաքի արևմտյան և արևելյան շրջաններում իրականացվող կրակահերթը։

Մեկ օրում թուրքական ուժերը հարվածներ են հասցրել 20 քրդական կրակակետերի ուղղությամբ։ Տեղի հեռուստաալիքներից մեկը հայտնել էր, որ խաղաղ բնակչությունը լքել է սահմանամերձ Ռաս-էլ-Այն և Թել Աբյեդ քաղաքները, որոնց հարևանությամբ ներկա պահին կենտրոնացած են թուրքական ուժերը։  

Քրդական ուժերի տվյալներով՝ օրվա երկրորդ կեսին իրականացված ռազմական գործողությունների հետևանքով առնվազն 7 քուրդ զինվոր է մահացել, 16-ը՝ վիրավորվել։

Հաղորդվում է նաև, որ ԵՄ խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ բոլոր անդամ երկրները կոչ են արել Թուրքիային հետ կանգնել ռազմական գործողություններից։