8 զոհ և բազմաթիվ վիրավորներ. Թուրքիայի ռազմական գործողության առաջին օրը Սիրիայում. CNN

11:36 • 10.10.19

«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) խմբավորման տվյալների համաձայն՝  Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով ներկայում կա առնվազն 8 զոհ և բազմաթիվ վիրավորներ: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

«Երեք զինյալ և 5 քաղաքացիական անձինք են զոհվել: Բազմաթիվ վիրավորներ կան թուրքական ուժերի կողմից սահմանամերձ քաղաքներն ամբողջ երկայնքով կրակի տակ առնելու հետևանքով»,- ասված է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի հայտարարության մեջ:

Թուրքական կողմը գործողության սկսվելուց ի վեր հարվածներ է հասցրել 181 ռազմական թիրախի, այսօր հայտնել են պաշտպանության նախարարությունում: 

Թուրքիան սկսել է իր «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում չորեքշաբթի՝ հոկտեմբերի 9-ին՝ բազմաթիվ զրահատեխնիկա և օդուժ կիրառելով սահմանի երկայնքով: Ռազմական գործողությունները սկսվել են ընդամենը մի քանի օր անց այն բանից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ամերիկյան զորքը Սիրիայից հետ քաշելու որոշման մասին: