Խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք և ոչ մի աղմուկ–աղաղակ չկա, սա լուրջ հաջողություն է. վարչապետ (տեսանյութ)

12:23 • 10.10.19

Խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք և ոչ մի աղմուկ–աղաղակի վերաբերյալ տեղեկատվություն չկա: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ սա հիշարժան հանգամանք է և նշեց, որ չի հիշում դեպք, որ կառավարությունը խաղողի մթերման ժամանակ սթրեսային և ցայտնոտային տեղեկություններ չստանա:

«Ես շնորհավորում եմ բոլորիս, և կարևոր է արձանագրել, որ այն, ինչ սովորաբար տեղի էր ունենում, հիմա տեղի չի ունենում: Սա լուրջ հաջողություն է, ամենևին պատահականություն չէ և կապված է այն գործողություների հետ, որոնք մենք ձեռնարկել ենք: Հույս ունեմ՝ գտել ենք ձևը, թե ինչ անենք, որ արհեստական լարվածություն, գյուղացիների շահերի ոտնահարումներ տեղի չունենան»,- ասաց վարչապետը և նշեց, որ դա դրական արդյունք է:

Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը խաղողի մթերման տվյալներ ներկայացրեց՝ տեղեկացնելով, որ մթերվել է մոտ 160,000 տոննա խաղող,  որը 37 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ցուցանիշների համար։ Այդուհանդերձ, նա նշեց, որ սրանք նախնական թվեր ենք, դեռ պետք է ճշգրտվեն:

Ավագ Ավանեսյանը տեղեկացրեց, որ կոնյակի համար մթերվող խաղողի գինը 150-155 դրամ է, որը փոքր-ինչ բարձր է անցած տարվա գնից: «Սրանք հուսադրող ցուցանիշներ են»,- ասաց նա և նշեց, որ դեռ պետք է գինու խաղող մթերվի։

Վարչապետն իր հերթին նկատեց, որ գինու խաղողը սովորաբար ավելի բարձր գնով  է մթերվում: Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ իրեն մտահոգություններ են հասել, որ խաղողի մթերումների և ընդհանրապես ներկայացվող վիճակագրությունն այնքան էլ իրական չէ: «Դա որոշակիորեն կապած է նախկինում եղած մեխանիզմների հետ: Մեր վիճակագրության մեթոդաբանության աղբյուրների հետ կապված մեծ աշխատանք  ունենք տանելու»,- ասաց նա։

Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանն էլ ասաց, որ խաղողի մթերումների վիճակագրություն չի վարվել, և իրենք հավաքագրում են արտադրված գյուղմթերքը: Վարչապետը հետաքրքրվեց այգիների հաշվառմամբ և ասաց, որ շան գլուխն այդտեղ է թաղված, ինչին ի պատասխան Ստեփան Մնացականյանն ասաց, որ ընթացիկ հաշվառումներ իրականացնում են համայնքապետարանների կողմից: