Պետք եղած դեպքում Սիրիայից հայ բնակչության տեղահանման առնչությամբ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն. Տաթևիկ Հայրապետյան

18:54 • 10.10.19

Անհրաժեշտ է հարցը բարձրացնել միջազգային հարթակներում, որը նաև խորհրդարանական դիվանագիտության աշխատանքի մի մասն է: Բացի դրանից ,պետք է հետևողական լինել այնտեղ հայ բնակչության անվտանգության հետ հարցերում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանը` անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին:

Ինչ վերաբերում է ներկայումս Հայաստանի կողմից արվող քայլերին, Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ Արտաքին գործերի նախարարությունը մանրամասն տեղեկատվություն հաղորդում է` կապ հաստատելով Սիրիայում մեր ներկայացուցչության հետ: «Ես կարծում եմ, որ ամբողջապես հետևում ենք գործընթացին, և պետք եղած դեպքում անհրաժեշտ քայլերը կձեռնարկվեն, մասնավորապես հայ բնակչության տեղահանման առնչությամբ»,-ասաց նա:

Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ ՀՀ ԱԳՆ-ն նաև տեղեկատվություն տրամադրում է Սիրիայում մնացած հայերի վերաբերյալ: Նա նշեց, որ խորհրդարանը, համագործակցելով գործադիրի հետ, անհրաժեշտության դեպքում նաև քայլեր կձեռնարկի, քննարկումներ կիրականացվի:

«Խոսքը մարդկային կյանքերի մասին է. վտանգի տակ է բարեկամ Սիրիայի ժողովուրդը, այնտեղ ապրող հայ բնակչության  հետ կապված մտահոգություն կա, ու Հայաստանի հետևողականությունը այդ հարցում փաստարկված և պատճառաբանված է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականցվող ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով: Ներկա դրությամբ մեր հայրենակիցների անհապաղ տարհանման խնդիր դրված չէ: Սիրիայի հյուսիային շրջաններում հայերի թիվը կազմում է շուրջ 3000 մարդ: