Թուրքական բանակը կրակի տակ է առել Սիրիայի Հասաքե և Ռաքքա նահանգների բնակավայրերը, կան զոհեր ու տուժածներ. SANA (տեսանյութ)
Թուրքական ագրեսիայի հետևանքով Սիրիայի Հասաքե նահանգում կա 8 զոհ և 20 վիրավոր, գրում է Սիրիայի պետական SANA գործակալությունը:
Թուրքական ուժերը կրակի տակ են պահել նահանգի Էլ Ղամիշլի, Դերբասիա և Ռաս էլ Այն քաղաքները: Հարվածները տեղացել են քաղաքների կարևորագույն օբյեկտների՝ էլեկտրակայանների և ջրակայանների վրա: Կրակ է բացվել նաև Ռաքքա նահանգի հյուսիսում գտնվող Թել Աբյադ շրջանի վրա:
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ օդից և հրետանուց ինտենսիվ կրակ է բացվել Ռաս էլ Այն քաղաքի ցորենի պահեստների վրա, ինչպես նաև «Քասադ» խմբավորման դիրքերի վրա Ալ Մուշրաֆա, Հիրբեթ Ալ Բանաթ, Ալ Ասադիա, Բիր Նուխ, Ալյուք, Նեսթել, Ալ Ազիզիա, Այն Հոսն, Ար Ռեյ, Թել Հելֆ բնակավայրերում:
Տեղի աղբյուրների փոխանցմամբ՝ Հասաքե նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Թել Զիաբ բնակավայրում 2 բնակիչներ են զոհվել, Դերբասիա քաղաքի մոտակայքում վիրավորվել է 4 երեխա:
Հաղորդվում է, որ Էլ Ղամիշլիում զոհվել են նաև 3 երեխա և մեկ կին, երբ թուրքական արկը հարվածել է նրանց տանը:
Ավելի ուշ SANA-ի թղթակիցը հայտնել է, որ թուրքական բանակը դադարեցրել է օդային և հրետանային կրակը և սկսել է ապամոնտաժել բաժանարար պատը, ինչը վկայում է արդեն ցամաքային ներխուժման հավանականության մասին:










