Տուրիստական գործակալությունից տուժած քաղաքացիներին մինչ օրս չեն վերադարձվել գումարները. նրանք կառավարությունից օժանդակություն են պահանջում

11:32 • 10.10.19

Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացրին Travelan տուրիստական գործակալությունից տուժած քաղաքացիները, որոնց մինչ օրս չեն վերադարձվել իրենց գումարները:

Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը շուրջ 100 քաղաքացիներ նշված տուրիստական գործակալությունից գնել էին տուրիստական փաթեթներ, գործակալությունը նրանց տրամադրել էր կեղծ տոմսեր, կնքվել էին պայմանագրեր, կնքված ստացականներ, սակայն քաղաքացիները մեկնել չէին կարողացել: Խոսքը ավելի քան 200 հազար դոլարի մասին է: Հարուցվել է քրեական գործ, և Travelan տուրիստական գործակալության տնօրեն Աննա Սահակյանն այժմ կալանավորված է:

Բողոքի ակցիայի մասնակիցները, սակայն, պնդում էին, որ հետաքննությունը պատշաճ չի իրականացվում, և կառավարությունից պահանջում էին վերահսկողություն իրականացնել:

Նրանց մոտեցավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և խոստացավ Նիկոլ Փաշինյանին փոխանցել բողոքի ակցիայի մասնակիցների դիմում-նամակը: