«Մենք չգիտենք՝ իրականում տեղի է ունեցել այդ գործողությունը, թե ոչ». Ասադը հայտարարել է, որ չի հավատում ԻՊ առաջնորդի սպանությանը

09:56 • 01.11.19

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը սիրիական պետական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Դամասկոսը չի հավատում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի սպանության լուրին և ապացույցներ է պահանջում, հաղորդում է ria.ru-ն:

Նա հայտարարել է, որ այդ հարցով ամերիկյան կողմի հետ ոչ մի շփում չի եղել:

«Ինչն է կարևոր, որ մենք չգիտենք՝ իրականում տեղի է ունեցել այդ գործողությունը, թե ոչ»,- հայտարարել է Ասադը:

Ի դեպ, նախօրեին Պենտագոնը հրապարակել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացնելու առաջին տեսանյութն ու լուսանկարը:

Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է սիրիական Իդլիբ նահանգում իրականացված հատուկ գործողության արդյունքում Ալ Բաղդադիի ոչնչացման մասին: Թրամփը հատուկ գործողությանն աջակցելու համար շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Իրաքին, Սիրիային և Թուրքիային: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հավաստի տեղեկատվություն չունեն Բաղդադիի ոչնչացման մասին:

Միջազգային հանրությունն Ալ Բաղդադիի ոչնչացումը կարևոր, սակայն դեռևս ոչ որոշիչ քայլ է անվանել՝ կոչ անելով պայքարել ահաբեկչության դեմ: