ԱՄՆ-ում հաղորդավարուհին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ իմացել է, որ կրծքագեղձի քաղցկեղ ունի (տեսանյութ)
Ամերիկյան KFOR նահանգային հեռուստաալիքի լրագրող Ալի Մեյերն ուղիղ եթերի ժամանակ իմացել է, որ կրծքագեղձի քաղցկեղ ունի: 41-ամյա հաղորդավարուհին հետազոտման գործընթացը հեռարձակել է ֆեյսբուքյան ուղիղ եթերով և ախտորոշման մասին նախօրոք տեղյակ չի եղել:
Մեյերի խոսքով՝ նա չի ենթադրել, որ խնդիր ունի և մամոգրաֆիկ հետազոտությունն անցել է՝ այլ կանանց խրախուսելու համար:
«Ոչ մի կերպ չէի սպասում, որ ամեն ինչ այդքան հեշտ և արագ չէր լինելու: Որևէ մտահոգություն չունեի. ընտանիքումս նման ախտորոշմամբ հիվանդներ երբեք չեն եղել»,- ասել է Մեյերը:
Հետազոտության ժամանակ բժիշկը հայտնաբերել է հիվանդությունը, և Մեյերը՝ արցունքն աչքերին, պատմել է այդ մասին հետևորդներին:
«Սա ծանր է և սարսափեցնող: Սա այն չէ, ինչ ես կուզեի ձեզ ասել, սակայն իրականությունն այսպիսին է: Չեմ մոռանա այն օրը, երբ երեխաներիս ու ամուսնուս ասացի հիվանդությանս մասին»,- խոստովանել է կինը:
Արյան հետազոտությունը հաստատել է, որ կինը գենետիկորեն քաղցկեղի հակում չի ունեցել:
Երկու ամիս անց կինը, հետևելով բժիշկների խորհրդին, վիրահատության է ենթարկվել: Բժիշկները հավաստիացրել են, որ քաղցկեղից բուժվել կօգնի միայն կրծքի ամբողջական հեռացումը:
Առաջին մամոգրաֆիկ հետազոտությունից մեկ տարի անց Մեյերը նորից հետազոտության է գնացել: Բժիշկները կնոջ կրծքում որևէ չարորակ գոյացություն չեն հայտնաբերել. նա բացարձակապես առողջ է եղել:









