Բրիտանացի 3-ամյա երեխան մահացել է` թուրք բժիշկների սխալ բուժման հետևանքով

04:43 • 01.11.19

Բրիտանացի 3-ամյա Լիլի Գիբսոնը, որը ծնողների հետ հանգիստն անցկացնում էր Թուրքիայի Բոդրում քաղաքում, մահացել է թուրք բժիշկների սխալ բուժման հետևանքով: Այս մասին տեղեկացնում է Mirror-ը:

Աղջնակի ծնողները` Լիզա և Քրիս Գիբսոնները պատմել են, որ երեխան հիվանդացել է դեղնախտով: Նրան տարել են տեղի հիվանդանոցներից մեկը, որտեղ անցկացրել են շուրջ 6 ժամ: Երեխային պետք է կաթիլային միացնեին, սակայն բժիշկը նշանակել է դեղահաբեր, որը պարունակում էր նաև պարացետամոլ և ուղարկել է տուն:

Փոքրիկը մահացել է հյուրանոց վերադառնալուց ժամեր անց` դեղահաբն ընդունելուց հետո: Բժիշկ Մարտա Քոենը, որը մասնակցում է միջադեպի հետաքննությանը, ենթադրում է, որ Լիլին մահացել է դեղահաբի մեծ չափաբաժնից և որ դեղերից լյարդում բարդություններ են առաջացել:

Նշվում է, որ քննության համար անհրաժեշտ փաստաթղթերը, օրինակ՝ Թուրքիայի ոստիկանության զեկույցը, դեռ չեն փոխանցվել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությանը: