Դելիի օդանավակայանում «հեքսոգեն» տեսակի պայթուցիկ նյութով լի պայուսակ է հայտնաբերվել
Դելիի Ինդիրա Գանդիի անվան օդանավակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները՝ օդանավակայանի անվտանգության ծառայության կողմից «հեքսոգեն» տեսակի պայթուցիկ նյութով լի պայուսակ հայտնաբերելուց հետո, գրում է India Today-ը՝ ուժային կառույցներում աղբյուրների հղումով:
Տվյալների համաձայն՝ կասկածելի ուղեբեռը գտնվել է վաղ առավոտյան, ուղևորներից մեկի կողմից, միջազգային տերմինալի ելքի մոտ: Գտնված իրի մասին տեղեկություն ստանալուն պես անվտանգության աշխատակիցներն արգելափակել են տերմինալի շենքի բոլոր մուտքերն ու ելքերը, ինչը խուճապ է առաջացրել ներսում գտնվող մարդկանց շրջանում:
Ստուգումների ընթացքում արգելափակվել է նաև մուտքը դեպի օդային նավահանգիստ: Շուտով դեպքի վայր է ժամանել սակրավորների խումբ, որն էլ, ըստ նախնական ստուգման, պարզել է, որ պայուսակում առկա է պայթուցիկ նյութ: Պայուսակը հանձնվել է լաբորատորիա, օրվա ընթացքում կկատարվի դրա պարունակության առավել մանրամասն ուսումնասիրություն:
Տեսահսկման համակարգի տեսախցիկների արձանագրած ձայնագրությունների համաձայն՝ առայժմ անվտանգության աշխատակիցները հնարավորություն չեն ունեցել պարզելու, թե ով է վտանգավոր բեռի սեփականատերը:










