Արամի փողոցում ոստիկանների պահանջներին չենթարկվող վարորդն ու ուղևորը ձերբակալվել են. Էդգար Ջանոյան

10:17 • 01.11.19

Երևանի Արամի փողոցների խաչմերուկում ոստիկանության ծառայողների պահանջներին չենթարկված երկու քաղաքացիները ձերբակալվել են:

Այս մասին Tert.am-ի հարցին, թե միջադեպի հետևանքով ձերբակալված քաղաքացիներն ինչ կարգավիճակում են, հայտնել ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեկան գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նշված մեքենայի վարորդն ու ուղևորը ձերբակալվել են»,-ասաց Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը պարզաբանում էր ներկայացրել 2 անձի բերման ենթարկելու վերաբերյալ:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ բերման ենթարկված անձինք առանց հաշվառման համարանիշերի «Ֆորդ Մուսթանգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորն են եղել։ Ոստիկանության ծառայողներն առանց համարանիշերի մեքենան նկատել են մայրաքաղաքի Վարդանանց-Ալավերդյան փողոցների խաչմերուկում։ Վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու վերաբերյալ ոստիկանների պահանջներին։ Ոստիկանները հետապնդել են և Արամի փողոցում հիշյալ մեքենան հարկադրաբար կանգնեցրել։ Վարորդը և ուղևորը բերման էին ենթարկվել ոստիկանություն, իսկ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։