Ռուսական ռազմաբազայի արդիականացումը մեզ լրացուցիչ թիրախավորում է. ինքնիշխանության նվազման վտանգ կա. Վարուժան Ավետիսյան
Ռուսական ռազմաբազայի ներուժի արդիականցման վերաբերյալ իշխանությունները պետք է հանդես գան լրացուցիչ պարզաբանումներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության վարչության անդամ Վարուժան Աեվտիսյանը՝ անդրադառնալով Կրեմլի կողմից Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներուժը կրկնապատկելուն ու սպառազինությունն արդիականացնելուն:
Հիշեցնենք, այդ մասին հայտնի էր դարձել Երևանում Սեգեյ Շոյգուի և Դավիթ Տոնոյանի բանակցություններից հետո:
Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ մամուլում տարբեր վերլուծություններ և պնդումներ են արվում, որոնց պաշտոնական պատասխաններ տրված չեն: «Մեզ համար պարզ չէ՝ անձնակազմը ավելացվում է, թե ոչ, թե խոսքը միայն սպառազինության որակի և տեսականու փոփոխության մասին է, որի շնորհիվ պետք է, ըստ գնահատման, ներուժը մեծացվի: Այդ հարցի պատասխանը չգիտենք, իսկ դա բավականին տարբեր վիճակներ է առաջացնում. անձնակազմի քանակի փոփոխությունը հանգեցնելու է նաև բազայի համար լրացուցիչ հողամասերի հատկացման անհրաժեշտության, որը մեզ ավելի բարդ իրավիճակի առաջ կարող է կանգնեցնել: Բացի դա, մենք պետք է նկատի ունենանք, որ հատկապես ՌԴ-ի և Թուրքիայի մերձեցման ժամանակահատվածներում Ռուսաստանն իր ռազմական կարողությունը մեր տարածքում չի մեծացնում մեր շահերից ելնելով, բացառապես իր շահերից ելնելով է դա անում»,-մանրամասնեց նա:
Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ ռուսական ռազմաբազայի արդիականացումը մեզ համար լրացուցիչ վտանգներ է ստեղծում հատկապես ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ լարումների ֆոնին: « Մեզ լրացուցիչ կերպով նաև թիրախավորում է, ինչը խիստ անցանկալի է մեզ համար: Իբրև քիչ խնդիրներ ունենք, հիմա ավելի շատ խնդիրներ ենք ունենալու, եթե այդպիսի բան տեղի ունենա»,-նշեց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե վերլուծություններ են արվում, որ Հայաստանն այս հարցում որոշել է զիջումների գնալ գազի գնի համար՝ Վարուժան Ավետիսյանն ասաց. «Իհարկե զիջում է, բայց չի բխում մեր ազգային անվտանգության շահերից, զիջողներից պետք է հարցնել, թե զիջումն ինչի համար է»:
Ինչ վերաբերում է ինքնիշխանության խնդրին՝ ապա Վարուժան Ավետիսյանն ասաց. «Նախորդ հանցագործ և ազգադավ ռեժիմների կառավարման ժամանակ, որոնք գաղութային վարչակազմեր էին, անկախության կորուստ ենք ունեցել, և հիմա վերականգնելու կենսական անհրաժեշտության կա, սակայն հնարավորություն ունենալով հանդերձ, այսօրվա իշխանության կողմից էլ գործնական քայլեր անկախության մեծացման ուղղությամբ, ցավոք, չենք տեսնում: Ինքնիշխանության նվազման վտանգ է պարունակում, առանց այն էլ նվազ գետից»,-եզրափակեց նա:









