Ինդոնեզիայում քաղաքային խորհրդի անդամը հրապարակային մտրակման է ենթարկվել՝ արտամուսնական կապի համար
Ինդոնեզական Աչեհ նահանգի 46-ամյա բնակիչ Մուխլիս բին Մուհամմեդը, որը նահանգի քաղաքներից մեկի քաղաքային խորհրդի անդամ է, հրապարակային մտրակման է ենթարկվել: Դատարանը նրան 28, իսկ սիրուհուն 23 մտրակի հարվածի է դատապարտել, գրում է bbc.com-ը:
Հոդվածի հերոսը՝ Մուխլիսը, ապրում է Ինդոնեզիայի ամենապահպանողական շրջաններից մեկում՝ Աչեհում, որը երկրի միակ շրջանն է, որտեղ կիրառվում է շարիաթը (իսլամի կրոնական և իրավական օրենքների ժողովածու, որը մշակվել է Արաբական խալիֆայությունում՝ 7-12-րդ դարերում):
Այնպիսի երևույթներ, ինչպիսիք են միասեռական կապերը և ազարտային խաղերը, նույնպես խիստ պատժի են արժանանում Աչեհում, և դրանց համար նույնպես հրապարակային պատիժ է սահմանված:
«Դա Աստծո պատիժն է: Յուրաքանչյուրը պետք է պատժվի, եթե նրա մեղքն ապացուցված է. նույնիսկ եթե նա Քաղաքային խորհրդի անդամ է»,- ասել է Աչեհի Բեսար շրջանի ղեկավարի տեղակալ Հուսեյն Վահաբը՝ խոսելով շարիաթի մասին:
Մուխլիսի և սիրուհու կապը հայտնաբերվել է սեպտեմբերին. նրանց «բռնացրել» էին զբոսաշրջային լողափի մերձակա տարածքում՝ մեքենայում:
Պատիժը կիրառվել է հոկտեմբերի 31-ին: Այժմ Մուխլիսը կհեռացվի Քաղաքային խորհրդից:
46-ամյա Մուխլիս բին Մուհամմեդը նաև շրջանի հոգևոր առաջնորդն է: Նա եղել է Աչեհում ընտրված առաջին հոգևոր առաջնորդը 2005 թվականին շարիաթի մասին օրենքի ուժի մեջ մտնելու պահից ի վեր:
Ավելի քան 10 տարի Ինդոնեզիայի իշխանություններն Աչեհին հատուկ լիազորություններ են շնորհել իսլամական ավելի խիստ օրենքների ընդունման հարցում:
Ըստ շարիաթի՝ օրենքի խախտում է համարվում արտամուսնական կապը, ազարտային խաղերը, ալկոհոլի արտադրությունը, օգտագործումը և տարածումը:
Պատիժը հանրային է, սակայն երեխաներին արգելված է նայել այդ ամենին:
Շարիաթի օրենքներն Աչեհում տարածվում են թե՛ մուսուլմանների, թե՛ ոչ մուսուլմանների վրա:










