«Քոնանն ավելի շատ դրական հրապարակումների է արժանանում, քան ես». Թրամփն իրեն համեմատել է ալ Բաղդադիի ոչնչացման ժամանակ աչքի ընկած շան հետ

11:44 • 02.11.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Սպիտակ տուն կհրավիրի ծառայողական շանը, որն աչքի էր ընկել «թիվ մեկ ահաբեկիչ» Աբու Բաքր ալ Բաղդադիի դեմ գործողության ժամանակ, գրում է The Washington Post-ը:

Ելույթ ունենալով Միսիսիպիում՝ Թրամփն իրեն համեմատել է Քոնան անունով շան հետ և հայտարարել, որ ԶԼՄ-ները շանը շատ ավելի լավ են վերաբերվում, քան իրեն:

«Քոնանն ավելի շատ դրական հրապարակումների է արժանանում, քան ես, և ես ուրախ եմ դրա համար: Քոնանը մի քանի շաբաթից կայցելի Սպիտակ տուն»,- հայտարարել է Թրամփը:

Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ շունը Սիրիայում ալ Բաղդադիի ոչնչացման գործողության ժամանակ վիրավորվել է: Զինվորականները վստահեցնում են, որ շունն առողջանում է: